Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախագահը կրկին ակնարկել է, որ հուլիսի 15-ի հեղաշրջման անհաջող փորձից հետո երկրում հայտարարված եռամյա արտակարգ դրությունը կարող է երկարաձգվել մինչև մեկ տարի ժամկետով:

«Հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը Թուրքիան օկուպացնելու նպատակ էր հետապնդում», - Անկարայում գյուղապետերի հետ այսօր կայացած հերթական հանդիպման ժամանակ հայտարարել է Թայիփ Էրդողանը: - «Գնահատելով հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի մասշտաբները և հաշվի առնելով դրա հետևում կանգնած անձանց, պարզ է դառնում, որ եթե հեղաշրջման ծրագիրը իրագործվեր, ապա մենք կզրկվեինք 1912-ից 1923 թվականների ընթացքում հինգ անգամ կրճատված հողերից մեզ մնացած վերջին կտորից: Սակայն ժողովուրդը իր հողը չտվեց նրանց», - հայտարարել է Էրդողանը:

«Անադոլու» գործակալության հաղորդմամբ` Էրդողանը նշել է, որ պետությանը ժամանակ է հարկավոր Ֆեթուլահ Գյուլենի ահաբեկչական կառույցի հետևորդներից ազատվելու համար: Այդ նպատակով նախագահ Էրդողանը նախօրեին կայացած ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ առաջարկել է հուլիսի 15-ի հեղաշրջման անհաջող փորձից հետո երկրում հայտարարված արտակարգ դրության ժամկետը: - «Սա այնքան խորը և բարդ գործընթաց է, որ երեք ամիսը, ամենայն հավանականությամբ, բավարար չի լինի», - ասել է Թուրքիայի նախագահը:

Վերջինիս համոզմամբ` քաղաքացիների անվտանգությունը, իրավունքներն ու ազատությունները ապահովելու, ժողովրդավարության և իրավական պետության հիմքերը պահպանելուն ուղղված գործողությունները ավարտին հասցնելու համար նպատակահարմար կլինի ևս երեք ամիս շարունակել ընթացող աշխատանքները: Էրդողանը հույս է հայտնել, որ թուրք ժողովուրդը ըմբռնումով կմոտենա և կաջակցի արտակարգ դրությունը երկարաձգելու որոշմանը:

Երեկ տեղի ունեցած անվտանգության խորհրդի նիստի ժամանակ առաջարկվել է նաև հեղաշրջման փորձի օրը` հուլիսի 15-ը, ճանաչել որպես ժողովրդավարության և ազատությունների օր:

Թուրքական իշխանությունները ԱՄՆ-ում բնակվող իսլամական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին են մեղադրում հուլիսյան հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ` ջանալով պետական կառույցներից մաքրել Գյուլենի կառույցի հետ առնչություն ունեցող անձանց:

Հուլիսի 15-ից հետո ընթացող զանգվածային ձերբակալությունների արդյունքում Թուրքիայում շուրջ 32 հազար մարդ է կալանավորվել, 70 հազար հոգու նկատմամբ քննություն է ընթանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG