Մատչելիության հղումներ

Բարձրաստիճան ոստիկանն արդարացնում է քաղաքացիների բերման ենթարկումը զորամաս


Ոստիկանության շտաբի պետի տեղակալ, գնդապետ Վարդան Բադասյանն «Ազատության» հարցին այդպես էլ հստակ պատասխան չտվեց, թե որքանով էր օրինական «Սասնա ծռերին» աջակցելու համար մեկնարկած բողոքի ակցիայի մասնակիցների բերման ենթարկումը ոստիկանության զորքերի զորամաս։

«Վայրի ընտրության մասով պատասխան տալ չեմ կարող, նախաքննական մարմինը կարող է դա համարել օրինական կամ անօրինական։ Եթե հասարակական անվտանգության ապահովումը պահանջում է որոշ մարդկանց մեկուսացնել կամ կասկածանքի տակ տեղափոխել այլ վայր, զորամաս էլ չլիներ, ասենք լիներ ինչ-որ մի տարածք, կարևորը որ պահպանվեր մարդկանց բերման ենթարկվելու կարգավիճակը պահող 3 ժամվա ժամկետը», - նշեց Բադասյանը:

Հուլիսյան դեպքերից հետո իրավապաշտպաններն ու փաստաբանները հայտարարեցին, թե ոստիկանությունը, խախտելով օրենքը, 100-ից ավելի քաղաքացու բերման է ենթարկել ոչ թե ոստիկանական բաժանմունք, այլ Իսակովի պողոտայի վրա գտնվող ոստիկանության զորքերի զորամաս։

Ոստիկանության գնդապետն ասաց, թե կարևորը ոչ թե տեղափոխման վայրն է, այլ քաղաքացուն օրենքով նախատեսված ժամկետից երկար անազատության մեջ չպահելը, ինչն էլ իրենք փորձել են անել՝ խորհուրդ տալով սպասել նախաքննության արդյունքներին։ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցված նաև քաղաքացիներին բերման ենթարկելու և փաստաբանների գործունեությունը խոչընդոտելու համար։

Ոստիկանական բաժանմունքներում դիտորդություն իրականացնող խմբի ղեկավար Սուրեն Իսկանդարյանը հակադարձում է․ - «Երբ անձին բերման են ենթարկում, պարտադիր պետք է բերեն ոստիկանական բաժին, համապատասխան գրանցամատյանում բերման ենթարկելու մասին գրառում անեն, ֆիքսեն բերելու ժամը: Զորամաս տեղափոխելը, չեմ կարծում, որ նորմալ է համարվում»:

Հուլիսյան դեպքերի օրերին շատ փաստաբաններ շտապեցին ոստիկանական զորքերի զորամաս։ Նրանցից մեկը Արա Ղարագյոզյանն է։ Պատմում է, որ իրեն այդպես էլ չէր հաջողվել մուտք գործել զորամասի տարածք։

«Այն ժամանակ, երբ մենք ժամանում էինք զորամաս, և մեր պաշտպանյալները 15 ժամից ավելի գտնվում էին զորամասում, մեզ ասացին՝ չեն ղեկավարվում Ոստիկանության մասին օրենքով, այլ ղեկավարվում են Ոստիկանության զորքերի մասին օրենքով, և սա զորամաս է, ու դուք իրավունք չունեք մուտք գործել տարածք, որտեղ մեր պաշտպանյալներն էին և խոչընդոտվեց մեր փաստաբանական գործունեությունը։ Ոստիկանության մասին օրենքն ասում է, որ անձին իրավունք ունեն բերման ենթարկելու միայն ոստիկանական բաժին, և իրենք էլ են ընդունում, որ զորամաս է, և որ այդտեղ բերման ենթարկվածներ չպետք է լինեն»:

Այդ օրերին ոստիկանական զորամաս բերման էր ենթարկվել նաև կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը։ Փաստաբան Արա Ղարագյոզյանը, վկայակոչելով օրենքները, պնդում է՝ քաղաքացուն բերման են ենթարկում բացառապես ոստիկանական բաժամունք, այլ վայրեր տեղափոխելը անօրինական է․ - «Հուլիսի 17-ին, երբ ակտիվիստներին, քաղաքացիներին մասսայաբար բերման էին ենթարկում նաև ոստիկանության զորամաս, իմ պաշտպանյալ Վաղինակ Շուշանյանը, որ 15 ժամ էր անցկացրել զորամասում, այդտեղից դուրս եկավ կապտուկներով։ Եվ այսօր խոսենք, որ ոստիկանական բաժիններում խոշտանգումներ չեն իրականացնում, դրա հետ համաձայն չեմ»:

Փաստաբանը վստահեցնում է, որ բարձրաստիճան ոստիկանի հայտարարությունը, թե իրավիճակից ելնելով, կարելի է նաև այլ վայր տեղափոխել քաղաքացուն, արվում է ոստիկանության դեմքը փրկելու համար։

Ձերբակալվածների պահման վայրերում դիտորդական հասարակական խումբը, ներկայացնելով 2015 թվականի առաջին կիսամյակի հաշվետվությունը, արձանագրում է՝ 2015 թվականի առաջին կիսամյակում ոստիկանական բաժանմունքներում քաղաքացիների խոշտանգման կամ ծեծի դեպքեր չեն արձանագրվել։ Սուրեն Իսկանդարյանը նշեց պատճառներից մեկը՝ քաղաքացիները ծեծի են ենթարկվում բերման ենթարկվելիս։ 2015-ի վեց ամիսների ընթացքում 247 դեպք է արձանագրվել, երբ ոստիկանական բաժանմունքներ տարված քաղաքացիների վրա հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ։

«Քաղաքացիներին ծեծի ենթարկած որևէ ոստիկան մինչ օրս չի պատժվել», - ասում է Իսկանդարյանը ու հավելում․ - «Այն, որ խոշտանգում կատարվում է, միանշանակ կարող եմ ասել՝ կա»:

Ոստիկանության շտաբի պետի տեղակալ Վարդան Բադասյանը «Ազատության» հետ զրույցում այդպես էլ չհիշեց մի ոստիկանի, որը քաղաքացուն ծեծի ենթարկելու համար ազատազրկվել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG