Մատչելիության հղումներ

«Սեքյուրիթի Դրիմ»-ի երկու ղեկավար մեղադրվում են պետությանը խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու մեջ


Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) տեղեկացնում է, որ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության երկու ղեկավար աշխատակիցներ քրեական գործով ներգրավվել են մեղադրյալներ՝ իրենց ապօրինի գործողությունների արդյունքում պետությանը խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու համար։

ՀՔԾ-ն նշում է, որ պարբերաբար հաղորդագրություններ է տարածել թանկարժեք ավտոմեքենաների սեփականատերերի, այլ քաղաքացիների, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նշանակված, վճարման ենթակա տուգանքները չվճարելու ու պետությանը խոշոր և առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական գործի մասին: Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝«Սեքյուրիթի Դրիմ» ընկերության նախկին երկու ղեկավար աշխատակիցների նկատմամբ որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

«Կատարված նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության աշխատակիցներ Կ. Զ.-ն և Ս. Տ.-ն, նախնական համաձայնությամբ, ինչպես գույքային օգուտ ստանալու, այնպես էլ՝ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իրենց կարգադրիչ լիազորություններն օգտագործել են կազմակերպության շահերին հակառակ, պատրաստել և օգտագործել են պաշտոնական կեղծ փաստաթղթեր, որի հետևանքով կազմակերպության և պետության օրինական շահերին պատճառվել է խոշոր չափերով գույքային վնաս», - ասված է հաղորդգրությունում:

Ծառայությունը նշում է, որ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիշյալ աշխատակիցները մեղադրվում են Քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքներ կատարելու համար: Վերջիններիս նկատմամբ, դատարանի որոշմամբ,որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Հիշեցնենք, որ նույն քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել ևս 12 անձանց, այդ թվում՝ պաշտոնատար:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG