Մատչելիության հղումներ

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց Հարկային նոր օրենսգրքի նախագիծը


Ազգային ժողովի շենքը Երևանում

Ազգային ժողովի շենքը Երևանում

Գործադիրն այսուհետ կունենա 19 նախարարություն․ Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց Կառավարության կառուցվածքային փոփոխությունների օրինագիծը:

Քաղաքաշինության նախարարությունը կդառնա կոմիտե, էներգետիկայի, էկոնոմիկայի և տրանսպորտի նախարարություններն էլ կվերանվանվանվեն, համապատասխանաբար, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Տնտեսության զարգացման և ներդրումների աջակցության, Կապի, տրանսպորտի ու ՏՏ ոլորտի նախարարություններ։

Ի տարբերություն Կառավարության կառուցվածքային փոփոխությունների օրինագծի, Հարկային նոր օրենսգրքի նախագծի քվեարկությունն այսօր ևս արժանացավ ընդդիմադիրների սուր քննադատությանը։

«Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, պահանջեց չեղյալ հայտարարել քվեարկությունը՝ պնդելով, որ Հարկային նոր օրենսգիրքը կործանարար է լինելու բիզնեսի համար։

«Չի կարելի նման անփույթ տեսքով նախագիծ ընդունել և սահմանել խաղի կանոն, որն ուղղակի կործանարար է լինելու Հայաստանում մնացած արդեն մեկ- երկու տնտեսվարողների համար», - ասաց Զոհրաբյանը։

ԲՀԿ մեկ այլ պատգամավոր՝ Միքայել Մելքումյանը կառավարությանը կոչ արեց հետ կանչել օրինագիծը. -

«Հետո մենք կրակն ենք ընկնելու այս օրենսգրքի ձեռքին։ Հիմա պետք է կառավարությունն ունենա համարձակություն, որ հետ կանգնի, մի հատ էլ ամբողջական քննարկի նոր շարժվենք առաջ»։

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ հաստափոր օրինագիծը ոլորտի ներկայացուցիչների հետ չի քննարկվել, և անընդունելի է, որ այն այս տարբերակով քվեարկության դրվի։

«Մեր պատգամավորները, վստահ եմ, որ շատերը նույնիսկ չեն էլ հասցրել կարդալ, որովհետև դրան երկար ժամանակ էր պետք ուսումնասիրել և այստեղ կարծիքներ հայտնել։ Ստացվում է այնպես, որ մենք կանգնած ենք կոտրած և հին տաշտակի առջև, ձեռագիրը բացարձակապես չի տարբերվում հնից», - հայտարարեց Բիշարյանը։

Հայ ազգային կոնգրեսից (ՀԱԿ) Հրանտ Բագրատյանն էլ պնդեց` խաղի նոր կանոններով փոքր բիզնեսի համար էլ ավելի վատ պայմաններ ենք ստեղծում։ «Փոքր ու միջինին բիզնեսին գցում ենք վատ վիճակի մեջ, դա անառարկելի է, անկախ նրանից, թե քանի անգամ մենք կպնդենք, թե քանի անգամ է այս փաստաթուղթը քննարկվել», - ասաց Բագրատյանը։

Ռուբիկ Հակոբյանը չմասնակցեց քվեարկությանը։ «Ժամանակն է, որ այդ ամբիոնից ասել, որ «ժողովուրդ, իսկապես պետք է մի քիչ ավելի ձգել գոտիներս, փոխում ենք խաղի կանոնները, մեկ-երկու տարի էլ կարող է դժվար լինի», շատ ազնիվ ասել և դուրս գալ այս ամեն ինչից, որ մեզ պարտադրում են, բավական է արդեն», - ասաց Հակոբյանը։

Հարկային նոր օրենսգիրքը լուծում է բիզնեսում առկա խնդիրները, հակադարձեց իշխող Հանրապետականի (ՀՀԿ) ներկայացուցիչ Խոսրով Հարությունյանը։ «Որ փաստաթուղթը բարելավված է ի օգուտ ձեռներցության սա ակնհայտ է, այնպես որ ես կարծում եմ, որ մենք գործ ունենք քաղաքական կոմպրոմիսի հետ», - հայտարարեց Հարությունյանը։

Չնայած ընդդիմադիրների քննադատությանը՝ փաստաթուղթն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունվեց ձայների 79 կողմ, 24 դեմ հարաբերակցությամբ:

Ակնկալվում է, որ Հարկային նոր օրենսգիրքը երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկման կդրվի արդեն առաջիկա քառօրյային։

XS
SM
MD
LG