Մատչելիության հղումներ

logo-print

Քաղաքագետ. «Պաշտպանության և ԱԳ նախարարներ նշանակելու համար սպասում են դրսի հրահանգին»


Սեպտեմբերի 27-ի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր ստորագրեց 11 նախարարներ նշանակելու մասին: Սակայն մինչ օրս նախագահը որոշում չի կայացրել պաշտպանության և արտգործնարարի պաշտոններում նշանակումներ կատարելու մասին։

Քաղաքագետ Անուշ Սեդրակյանի խոսքով, Հայաստանը քաղաքական առումով անկախ չէ և կառավարության նոր կազմը ձևավորվում է ոչ թե երկրի ներսում, այլ դրսում։

«Այդ երկու նախարարություններն [Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարություն] ապացույցն են նրա՝ սուվերեն է երկիրը, թե՝ ոչ։ Սուվերեն երկիրն ինքն է որոշում, թե որ նախարարն է նպատակահարմար իր արտաքին դիվանագիտական սուվերենության և ներքին պաշտպանական սուվերենության համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սեդրակյանը։

Հարցին, թե Հայաստանը սպասո՞ւմ է Ռուսաստանի որոշմանը, քաղաքագետը պատասխանեց. - «Համենայն դեպս, ժամանակի այսպիսի երկարաձգումը վկայում է դա, որ մենք սպասում են կամ դրսի հրահանգի կամ թույլտվության, կամ, ինչպես ասում են, դաբրոյի, համենայն դեպս, ես չեմ բացառում, որ բոլորը մնան նույն նշանակումները, որովհետև դեպքերի տրամաբանությունը դրան է տանում»։

Անդրադառնալով վարչապետի՝ «պրիմիտիվ գողություն»-ը դադարեցնելու մասին հայտարարությանը, Սեդրակյանն ասաց. - «Եթե կա օրենքի գերակայություն, ապա կա պատժի և խրախուսանքի համամասնություն, և դա պարզ է։ Կա էլեմենտար սխեմա, դա աշխատանքի նկարագրությունն է, հետո թիրախային խնդիրների բարձրաձայնումը, հետո թափանցիկ հաշվետվությունը, թե որքանով են այդ թիրախային խնդիրները հաջողել, կամ ձախողել, և եթե այդ խնդիրների լուծման կամ չլուծման ընթացքում տեղի է ունեցել կրիմինալ, իսկ մենք գիտենք, որ շատ նախարարություններ և տնտեսվարող սուբյեկտներ գործում են հենց այդ շրջանակներում, անպայման պետք է գնա պատիժ և այդ պատիժը պետք է լինի խիստ ցիվիլ, դատական, անկախ դատարանի միջոցով, բայց քանի որ մենք արդեն չունենք անկախ դատարան՝ իբրև գործիք և զարմանալի է, որ նոր վարչապետն այնուամենայնիվ չի բարձրաձայնում նաև այդ հարցը՝ անկախ տնտեսական դատարանի, մնացած այլ դատարանների գործունեության խնդիրը, ահա եթե այդ գործիքը բացակայում է , ինչպե՞ս կարող է հաշվետվությունը լինել լիակատար, թափանցիկ և առավել ևս իրականացվի արժանի պատիժ»։

XS
SM
MD
LG