Մատչելիության հղումներ

Փոքր ու միջին բիզնեսը Հայաստանում «պայքարում է շնչահեղձ չլինելու համար»


ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյան, արխիվ

ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյան, արխիվ

«Փոքր ու միջին բիզնեսը Հայաստանում պայքարում է շնչահեղձ չլինելու համար», - ասում է ՓՄՁ (փոքր և միջին ձեռնարկությունների) համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը՝ արձագանքելով վարչապետի խոսքերին:

Կարեն Կարապետյանը երեքշաբթի օրը բանկային ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշել էր՝ կառավարության նպատակն է, որպեսզի բիզնեսը «շնչի», ավելացնելով, թե նոր մեխանիզմներ են հարկավոր փոքր և միջին բիզնեսը վարկավորելու համար։

«ՓՄՁ-ն շնչում է թե ոչ՝ էդ հարցը միայն բանկային ոլորտով կապված չի, կամ էս օրերին շատ արդիական Հարկային օրենսգրքի հետ կապված չի, մեր գերակա ու գերագույն խնդիրը շարունակում է մնալ էն, որ մենք համակարգային լուծումների չենք գնում», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Ավագյանը:

Եթե անգամ հայաստանյան բիզնեսին մի օր սկսեն տրամադրել էժան վարկեր, կրկին առանձնապես իրավիճակը չի փոխվի, քանի որ փոքր ու միջին բիզնեսը խորը ճգնաժամում է, վստահ է ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահը։

«Ամենապարզ օրինակը ասեմ՝ մեր գերփոքր բիզնեսի 62 տոկոսը առևտրով է զբաղված, ո՞վ է մտածելու էս ցուցանիշի մասին: Երեք տարի էդ ցուցանիշը չի փոխվում: Մեր գումարները գնում է չինացի արտադրողից ապրանք է բերում, թուրք արտադրողից ապրանք է բերում, չգիտեմ, ռուս արտադրողից ապրանք է բերում, այսինքն՝ մենք տեղական արտադրողի հետ դեռ դեմքով չենք շրջվել, չեմ էլ ասում դեռ՝ օգնենք, դեռ դեմքով չենք շրջվել, ասենք՝ «եղբայր, ի՞նչ խնդիր ունես, ինչո՞ւ է առևտրականը քեզնից ավելի մրցունակ», - ընդգծեց Ավագյանը:

Ակտիվ հարկատուների ավելի քան 80 տոկոսը կազմող փոքր ու միջին բիզնեսը ճգնաժամից հանելու համար լուծումները պետք է սկսվեն մաքսային սահմանից, ասում է ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահը՝ պնդելով, որ մաքսակետերում թույլ տրված ցանկացած անօրինական քայլ միանգամից անհավասար պայմաններ է ստեղծում փոքր ու միջին բիզնեսի համար․ - «Օրինակ, կոշիկ արտադրող ունենք շատ լավ, տանում է պրոդուկտ, որը միշտ փոքր-ինչ ավելի թանկ է լինում, քան նմանատիպ ներմուծվածը, ու հետո հետ ես գնում տեսնում ես ինչն է խնդիրը՝ որովհետև էն ներմուծվողը ճիշտ ինվոյսային արժեքներով և ճիշտ մաքսազերծումով չի հայտնվել: Այսինքն, արտադրանք տվողը հումքը բերում է՝ իր վրա ավելի թանկ է նստում գումարած էստեղի վճարած իր հարկերը, քան ներմուծողը, որը զարտուղի ճանապարհներով է հայտնվում էստեղ: Այսինքն, շուկայում արդեն հայտնվում է միանգամից մի քանի քայլ առաջ մրցունակ նմանատիպ, միգուցե ավելի վատ որակի, բայց՝ մրցունակ ապրանք»:

Հակոբ Ավագյանի ղեկավարած ասոցիացիան ամիսներով, եթե ոչ տարիներով է պայքարում, որ բիզնեսի խնդիրը հասնի կառավարության սեղանին: Փոքր ու միջին բիզնեսի երկրորդ գլխավոր խնդիրը նա համարում է արդարադատությունն ու բիզնեսի շահերի պաշտպանությունը։

«Ու ցավոք սրտի, էսօր ունենք մի մեծ խնդիր, երբ որ պետական ու մասնավոր հատվածի մեջ մեծ անջրպետ է ձևավորվել», - նշեց նա:

Գործարար Րաֆֆի Մխչյանի ղեկավարած սուրճի արտադրամասն այսօր աշխատում է արտադրական հզորության 10 տոկոսով միայն։

«Մենք մոտ մեկուկես տոննա-մեկ տոննա 600 կիլոգրամ սուրճ ենք օգտագործում էս երկու դարակաշարը լցվելու համար, և առաջ մենք մի շաբաթում, ամենաշատը՝ տասը օրում, այս ամբողջ դարակաշարը վերջացնում էինք, սկսում էինք նորը արտադրել: Իսկ հիմա ինքը երկու-երեք շաբաթ հազիվ թե վաճառվում է, որը մեր ամենաշատ վաճառվող տեսականիներից մեկն է: Տեսեք՝ ինչ օրի է հասել մեր տնտեսությունը», - «Ազատության» հետ զրույցում ասաց գործարարը:

Մխչյանի կարծիքով՝ էկոնոմիկայի նախարարությունն արդիականացնելով կամ էժան վարկեր տրամադրելով Հայաստանի բիզնեսի խնդիրները չեն լուծվի, եթե տնտեսությունը չառողջանա մեծ ներդրումների շնորհիվ, ինչն էլ, իր հերթին, նոր աշխատատեղեր կստեղծի, կբարձրացնի գնողունակությունը․ - «Եթե ես այսօր ունեմ ինչ-որ շատ սահմանափակ ապրանքների իրացում, և այդ սահմանափակ ապրանքների իրացումը գալիս է ընդհանուր կենսամակարդակից, ընդհանուր տնտեսական իրավիճակից, եթե մենք էդ իրավիճակը ընդհանուր չփոխենք, ինչպե՞ս կարող է արտադրությանս և վաճառքներիս չափերը մեծանալ՝ չի կարող, երբեք: Եթե այսօր գյուղացին իր փողը չի ստանում, անցյալ տարվա իր խաղողի փողը չի ստանում, մենք ո՞նց սպասենք, որ էդ մարդը գա իմ մոտից գնումներ անի»:

Միջին բիզնեսի ներկայացուցիչ Մխչյանն օրինակը տեղական արտադրողների և իր բիզնեսի վրա է բերում՝ ինչպե՞ս պետք է կարողանան մեծացնել արտադրանքը, եթե սպառողների թիվը տարեցտարի նվազում է։

«Որ մեր բնակչությունը՝ իմ սպառողը, թողնում գնում է Հայաստանից, ես ամեն տարի 50 հազար սպառող եմ կորցնում, ես չգիտեմ՝ էդ 50 հազարը որ գնում է Հայաստանից, նրանցից քանի մարդ է իմ սպառողը, բայց ես կարող եմ ձեզ ասել՝ տարի առ տարի նախորդ տարվա վրա 25-30 տոկոս ես վայրէջք եմ կատարում․ սա է խնդիրը», - շեշտեց գործարարը:

XS
SM
MD
LG