Մատչելիության հղումներ

Վրաստանի ԱԳՆ. «Թուրքիան Վրաստանի ռազմավարական դաշնակիցն է»


Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձե

Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձե

«Թուրքիան Վրաստանի ռազմավարական դաշնակիցն է». Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հոկտեմբերի 8-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից 10 օր առաջ ստիպված եղավ հանդես գալ նման հայտարարությամբ` հաշվի առնելով հակաթուրքական տրամադրությունների նկատելի աճը երկրում:

«Անկախության վերականգնումից ի վեր Թուրքիան հետևողականորեն պաշտպանում է Վրաստանի իքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Մեր երկկողմ հարաբերությունները զարգանում են բարիդրացիության և փոխադարձ հարգանքի հիման վրա, և չկա որևէ նախանշան, որ Թուրքիայի հետ հարաբերությունները սպառնալիքներ են պարունակում», - նշված էր Վրաստանի արտաքին գործերի նախարարության` չորեքշաբթի օրը տարածած հայտարարության մեջ:

Վրաստանի դիվանագիտական գերատեսչությունն այս հայտարարությունը տարածեց` նախևառաջ արձագանքելով ընտրություններին մասնակցող ուժերից մեկի` «Հայրենասերների դաշինքի» վերջին քարոզչական հոլովակին: Դրանում «Հայրենասերների դաշինք»-ը պնդում էր, թե Թուրքիան Վրաստանի գլխավոր թշնամիներից մեկն է և ցանկանում է վերահսկողություն սահմանել Աբխազիայի և Աջարիայի նկատմամբ: Բացի այդ նույն հոլովակում քաղաքական այս ուժի ներկայացուցիչները հայտարարում էին, որ Օսմանյան Թուրքիան պատասխանատու է վրացիների ցեղասպանության համար:

«Պահանջում ենք, որպեսզի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննի Վրաստանի օրենսդրությանը հակասող բոլոր հայտարարություններն ու հստակ գնահատական հնչեցնի». - արձագանքելով «Հայրենասերների դաշինք»-ի քարոզարշավի հակաթուրքական ուղղվածությանը` հայտարարում էր արտգործնախարարությունը:

Նկատենք ի դեպ, որ «Հայրենասերների դաշինք»-ի քարոզարշավը վերջին օրերին Վրաստանում նկատված հակաթուրքական տրամադրությունների միակ դրսևորումը չէր: Վրաստանի դիվանագիտական գերատեսչության հայտարարության հրապարակումից մի քանի ժամ առաջ Թբիլիսիի կենտրոնում ևս մեկ միջադեպ տեղի ունեցավ, որի մասնակցիներն էին ծայրահեղ աջ`«Քարթուլի ձալա» (Վրացական ուժ) խմբավորման անդամները:

Մի քանի տասնյակ վրաց ազգայնականները երեքշաբթի երեկոյան երթով անցան Թբիլիսիի կենտրոնական փողոցներից մեկով` Աղմաշենեբելի պողոտայով՝ հարձակման թիրախ դարձնելով այստեղ գտնվող թուրքական ռեստորաններն ու սրճարանները: Ականատեսների վկայությամբ, ազգայնականները մուտք էին գործում թուրքական ռեստորաններ՝ իրենց հարձակումն ուղեկցելով` «Կեցցե ազգը, մա՛հ թշնամուն» վանկարկումներով:

Թբիլիսիի ոստիկանությունը`ազգայնականների ակցիան ցրելու համար հավելյալ ուժեր էր կենտրոնացրել: Մոտ կես ժամ տևած քաշքշուկից հետո միայն ոստիկանությանը հաջողվեց վրաց ազգայնականներին հեռացնել թուրքական հաստատություններին հարող տարածքից:

Վրացական լրատվամիջոցների տեղեկություններով հարձակմանը մասնակցած ազգայնականներից 11-ը ձերբակալվել են:

XS
SM
MD
LG