Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն հայտարարում է՝ չի միանա իշխանություններին Վանաձորի ընտրություններից հետո


Նաիրա Զոհրաբյան, արխիվ
Նաիրա Զոհրաբյան, արխիվ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը Վանաձորում հրավիրված հանրահավաքում բացառեց հոկտեմբերի 2-ին կայանալիք ավագանու ընտրություններից հետո իշխող կուսակցության հետ դաշինքը, ասաց՝ փորձելու են Վանաձորում իշխանությունն իրենց ձեռքը վերցնել:

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ սատանային էլ կմիանանք, իրանց չենք միանա: Էդպիսի բան չի կարող լինել: «Բարգավաճ Հայաստան»-ը Գագիկ Ծառուկյանի ստեղծած հզոր, արժանապատիվ «Բարգավաճ Հայաստան»-ը, էն կուսակցություն չի, որ գնա միանա էս երկիրը քանդողներին, թալանողներին, մեր քաղաքացուն նվաստացնողներին: Չի լինելու էդպիսի բան, ժողովուրդ», - հայտարարեց Զոհրաբյանը:

Իշխանությունների հասցեին հնչեցրած կոշտ քննադատությունից հետո, Զոհրաբյանը հայտարարեց՝ որքան էլ իշխանությունը նոր դեմքեր բերի, միևնույնն է, ոչինչ չի կարող փոխել, ուստի ոչինչ չի կարող փոխել նաև Վանաձորում Հանրապետականի կողմից առաջադրված նոտար Մամիկոն Ասլանյանը:

«Կարող է՝ լավ մարդ է, ես չգիտեմ էլ, ուզենա էլ, ոչ մի բա չի կարողանալու փոխել, որովհետև էս իշխանության հանցագործ բանաձևերի շրջանակում է գործելու: Չգործեց, ռադ են անելու, գնալու ա, ով համարձակություն ունեցավ դուրս գա սրանց գծած խաղի կանոններից, մի վայրկյանում վրան քրեական գործ կհարուցեն, կասեն, որ դու մեր ոհմակից չես, որովհետև դու չես առաջնորդվում ոհմակի կանոններով ու կշպրտեն օգտագործած լաթի նման», - ասաց Զոհրաբյանը:

Վանաձորում հանրային հավաք էր անցկացնում նաև Հայ ազգային կոնգրես կուսակցությունը: Կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը համոզված է՝ Հայաստանը երբեք այդքան մոտ չի եղել իշխանափոխությանը, որքան հիմա:

«Որովհետև այն իրավիճակը, որ ստեղծվել է Հայաստանում, ցույց է տալիս, որ այսօրվա ռեժիմը ուղղակի սպառված է և դրա ամենակարևոր ապացույցը բնականաբար եղավ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ: Երբեք դժգոհությունը Սերժ Սարգսյանի ռեժիմից այսքան բարձր և այսքան համատարած չի եղել», - ասաց ՀԱԿ փոխնախագահը:

Զուրաբյանի համոզմամբ՝ ապրիլի 2-ը իշխանափոխության օրն է, իսկ ՀԱԿ-ը միակ ուժն է, որը կարող է ձեռնոց նետել իշխանություններին:

«Մենք դա ապացուցեցինք բազմաթիվ անգամ: Դա է պատճառը, որ նրանք մեր վրա կրակել են, դա է պատճառը, որ մեզ բանտեր են նետել, բայց այդ ամենը չօգնեց, մենք դուրս եկանք բանտերից, մենք նորից վերականգնեցինք շարժման ամբողջ թափը և մենք մինչև հիմա միակ ուժն ենք Հայաստանում, որը ինչ-որ բան կարողանում է պարտադրել իշխանություններին», - հայտարարեց Լևոն Զուրաբյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG