Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ում չեն հստակեցնում՝ կվերանշանակվե՞ն արդյոք Նալբանդյանը և Օհանյանը


ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Բրյուսելում հանդիպում են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, 9-ը մարտի, 2016թ․

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Բրյուսելում հանդիպում են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, 9-ը մարտի, 2016թ․

Հանրապետական խմբակցության ղեկավարը խորհուրդ է տալիս սպասել հրամանագրին, իշխող կուսակցության խոսնակն էլ ասում է, որ Օհանյանին էլ, Նալբանդյանին էլ շատ դրական է գնահատում, «ինչպես նաև Տիգրան Սարգսյանին և Հովիկ Աբրահամյանին»:

Իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության ղեկավարի փոխանցմամբ՝ առաջիկա երկու օրերի ընթացքում կորոշվի, թե ի վերջո ովքեր կզբաղեցնեն պաշտպանության և արտաքին գործերի նախարարների պաշտոնները:

Կարեն Կարապետյանի կառավարությունը գրեթե ձևավորված է, առայսօր անհայտ է մնում Էդվարդ Նալբանդյանի և Սեյրան Օհանյանի ճակատագիրը՝ կվերանշանակվե՞ն նրանք արտաքին քաղաքական և ռազմական գերատեսչությունների ղեկավարների պաշտոններում, թե՞՝ ոչ: Մամուլում նախ՝ արտգործնախարարի, ապա՝ պաշտպանության նախարարի պաշտոնում շրջանառվում էր նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի անունը, սակայն ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր վստահեցրեց՝ նման քննարկում չի եղել:

«Վիգեն Սարգսյանը աշխատում է իր տեղում և շատ լավ աշխատում է որպես աշխատակազմի ղեկավար, իսկ մնացած հարցերի քննարկման հետ կապված ես տեղյակ չեմ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բաղդասարյանը, հարցին էլ՝ «այսինքն՝ կմնա այնտե՞ղ նա», արձագանքելով․ - «Նման քննարկում չի եղել: Ենթադրություններով չենք շարժվում: Կլինի հրամանագիրը՝ բոլորդ ականատես կլինեք»:

Որպես խմբակցության ղեկավար՝ կցանկանա՞ Սեյրան Օհանյանին տեսնել կրկին պաշտպանության նախարարի պաշտոնում․ Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ «Սեյրան Օհանյանը, առավել ևս՝ այս պատերազմական իրավիճակի մեջ, իրեն դրսևորել է որպես բանիմաց ռազմական գործչի»: «Ես որևէ վատ բան չեմ կարող ասել՝ վատ բան, այսինքն, կամ թերացումներ: Իհարկե, եղել են նեգատիվ երևույթներ, դուք ականատես եղաք վերջին երևույթներին, և չի կարող նման մեծ ոլորտում թերություններ չլինեն, բայց թերությունների համար պետք է պատասխան տան բոլորը անխտիր», - հավելեց իշխող կուսակցության խմբակցության ղեկավարը:

«Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նո՞ւյնպես նրանց թվում է», - այս հարցին Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց․ - «Եթե հանկարծ քննության մեջ պարզվի, որ նաև եղել է թերացումներ պաշտպանության նախարարի՝ որպես կազմակերպչի, կառավարիչի, իր չափով նա կարող է կրել, բայց առայժմ նման երևույթներ չկան»:

Ի պատասխան հարցի էլ՝ «քննությո՞ւն է գնում հիմա», ՀՀԿ խմբակցության ղեկավարը ասաց․ - «Դուք գիտեք, որ քննություն գնում էր այն մասով, որը որ դուք տեղյակ եք, դրա մասով քննություն գնում է»:

Նկատենք՝ իշխող Հանրապետականի ներկայացուցիչները խուսափում էին հստակ պատասխանել այն հարցին, թե արդյոք կցանկանայի՞ն, որ Սեյրան Օհանյանն ու Էդվարդ Նալբանդյանը վերանշանակվեն իրենց պաշտոններում: Առավել ուշագրավ էր Հանրապետականի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի արձագանքը: «Ազատության» հարցին՝ կցանկանա՞ր տեսնել Սեյրան Օհանյանին կրկին այդ պաշտոնում՝ հաշվի առնելով նրա գործունեությունը, ՀՀԿ խոսնակը պատասխանեց․ - «Գիտե՞ք ինչ կա, ցանկությունը քաղաքական կատեգորիա չէ: Ես Սեյրան Օհանյանին էլ, Էդվարդ Նալբանդյանին էլ շատ դրական եմ գնահատում, ինչպես նաև Տիգրան Սարգսյանին և Հովիկ Աբրահամյանին»:

Թե ինչպիսին է այս հարցում իշխանության մաս կազմող ՀՅ Դաշնակցության (ՀՅԴ) տեսակետը, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, որ անձերը իրենց համար նշանակություն չունեն՝ կարևորը իրենց ռազմավարության իրականացումն է: Ի դեպ, հիշեցնենք՝ Դաշնակցությունը ժամանակին պահանջում էր հենց Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը, սակայն այսօր նշում են, թե նրա հետ ՀՅԴ-ն այլևս խնդիր չունի: «Այսինքն, էդ փոփոխությունը, որը կատարվել է ռազմավարության և մարտավարության մեջ՝ կապված հայ - թուրքական պրոցեսների, կապված Ղարաբաղի խնդրի հետ, էդ բոլոր հարցերն էսօր օրակարգում դրված են այնպես, ինչպես Դաշնակցությունն է ձևակերպել, մենք ի՞նչ հարց ունենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ռուստամյանը և մանրամասնեց․ - «Մենք ասել ենք՝ հայ - թուրքականի հետ, շատ հստակ, արձանագրությունների ճակատագիրն ինչպիսին պիտի լինի, ասել ենք, որ ռազմաքաղաքական դաշինք պետք է կնքվի՝ էսօր էդ խնդիրը արձանագրված և այդ պատվերը, էսպես ասած, իջեցված է արտգործնախարարությանը: Այսինքն՝ պրոցեսը գնում է էն ուղղությամբ, որը մեր պատկերացումների մեջ լիովին տեղավորվում է, ի՞նչ խնդիր կա»:

Նշենք, որ իշխող Հանրապետականի հետ այս տարվա փետրվարից քաղաքական համագործակցության համաձայնագիր կնքած Դաշնակցությունը Կարեն Կարապետյանի կառավարությունում արդեն ունի երեք պորտֆել՝ կրթության և տարածքային կառավարման դաշնակցական նախարարներ Լևոն Մկրտչյանն ու Դավիթ Լոքյանը վերանշանակվեցին, իսկ էկոնոմիկայի նախկին նախարար Արծվիկ Մինասյանը նշանակվեց բնապահպանության նախարարի պաշտոնում:

Հարցին, թե ինչո՞ւ Դաշնակցությունը համաձայնեց Արծվիկ Մինասյանին այս անգամ էլ գործուղել բնապահպանության նախարարություն, արդյո՞ք էական չեն ոլորտները և խնդիրը միայն պորտֆել ունենալն է, Ռուստամյանը պատասխանեց․ - «Մենք խնդիր չունենք էսօր վարչապետի որդեգրած մարտավարության հետ կապված, և աջակցել իրեն ամեն ինչով մենք պատրաստ ենք, որպեսզի նա հաջողի: Այսօր էդ է եղել մեր պատրաստակամության հարցը, և դա մենք արտահայտել ենք հենց վարչապետի հետ հանդիպմանը: Եվ եթե նաև վարչապետն առաջարկում է, որ Արծվիկ Մինասյանի կարողությունները օգտագործվի այս ոլորտում, մենք ինչո՞ւ պիտի դա մերժենք: Վարչապետն է առաջարկել, մենք էլ մեր թիմով աջակցելու ենք, որ վարչապետի դրած խնդիրները լուծվեն»:

«Էսօր մենք ամբողջությամբ դյուրին պայմաններ ենք ուզում ստեղծել վարչապետի համար, որպեսզի նա իր առջև դրած այ էս լուրջ վերափոխումների խնդիրը իրականացնի հնարավորինս արագ, որովհետև դա բխում է մեր բոլորի շահերից», - հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:

Հավելենք, որ առաջիկայում, երբ ամբողջովին ձևավորվի կառավարությունը, վարչապետը պետք է ներկայացնի նոր ծրագիր, որի մշակմանը մասնակցելու է նաև Դաշնակցությունը: Այն, ըստ Դաշնակցության, կտարբերվի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ծրագրից:

«Թե որքան կտրուկ կլինի, չգիտեմ, բայց որ տարբերվելու է՝ այո, իհարկե տարբերվելու է», - ասաց Արմեն Ռուստամյանը:

XS
SM
MD
LG