Մատչելիության հղումներ

Հեղինակավոր՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի տվյալներով Հայաստանը մրցունակությամբ զիջում է բոլոր չորս հարևաններին, և այդ վատագույն ցուցանիշը Հայաստանը պահպանում է արդեն երրորդ տարին շարունակ:

Ֆորումի հրապարակած 2016-2017 թվականների համաշխարհային մրցունակության զեկույցի համաձայն 138 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 79-րդ հորիզոնականը: Ճիշտ է, նախորդ տարվա համեմատ 3 տեղով առաջըթնաց է գրանցվել, սակայն հարևաններն ավելի լավ դիրքերում են՝ Ադրբեջանը զբաղեցրել է 37-րդ հորիզոնականը, Թուրքիան՝ 55-րդ, Վրաստանը 59-րդ և Իրանը՝ 76-րդ:

«Ազատությունն» այսօր չկարողացավ ստանալ կառավարության արձագանքը, թե շարունակաբար բարեփոխումների փուլում գտնվող Հայաստանը ինչու է հայտնվել նման իրավիճակում: Հարցում ենք ուղարկել նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի աշխատակազմ, պատասխան դեռ չունենք:

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի խոսքով, վատագույն ցուցանիշը պարզորոշ վկայում է, որ նախորդ տարիներին Հայաստանի իշխանությունները, իրականում, զբաղվել են ոչ թե բարեփոխումներով, այլ իմիտացիայով:

«Մոտավորապես նույն հորիզոնականին մոտ տեղեր է Հայաստանը զբաղեցնում: Ընդհանուր առմամբ Հայաստանը, իհարկե, մրցունակությամբ զիջում է, որովհետև բարեփոխումներ չի կարողանում իրականացնել: Տնտեսության կառուցվածքի առումով Հայաստանը ևս ունի խնդիրներ և դրանք պայմանավորված են այսօրվա այն սահմանափակումներով, որ ունի», - ասաց Աշոտ Եղիազարյանը:

Եթե աչքի անցկացնեք Համաշխարհային տնտեսական ֆորումի համաշխարհային մրցունակությանը վերաբերող վերջին հինգ զեկույցները, ապա պարզ է դառնում, որ նախորդ հինգ տարիներին Հայաստանը, փաստորեն, դոփել է տեղում: 2012-2013 թվականների զեկույցում երկիրը 82-րդ հորիզոնականում էր, հաջորդ տարի 3 տեղով բարելավել է դիրքերը, այնուհետև նահանջ, որից հետո երկու տարվա ընթացքում կրկին հայտնվել ենք 79-րդ հորիզոնականում:

Նույն ժամանակահատվածում, օրինակ, Վրաստանը 18 հորիզոնականով բարելավել է իր դիրքը՝ 77-րդ տեղից հայտնվելով 59-րդում:

Սակայն էլ ավելի տպավորիչ փաստ է այն, որ մինչև վերջերս միջազգային պատժամիջոցների ներքո գտնվող Իրանն ավելի մրցունակ է, քան Հայաստանը:

«Վրաստանը ըստ էության բարեփոխումները ավելի թափով է իրականացնում՝ կապված եվրոասոցացման հետ, որ նա կնքել է պայմանագիր և ստանում է համապատասխան աջակցություն: Եվ էդ իմաստով բնական է, որ Վրաստանը պիտի առաջ անցներ: Այո, Հայաստանը վերջին 2-3 տարիներին կարելի է ասել, որ դոփում է տեղում, կորել է ներդրումների գրավչությունը արտաքին ինվեստորների համար: Բնական է, որ և այդ ամենը պիտի անդրադառնա նաև մրցունակության վրա», - նշեց տնտեսագետը:

Հայաստանի այդ վատագույն ցուցանիշը Համաշխարհային տնտեսական ֆորումում նախևառաջ բացատրում են հետևյալ խնդիրներով՝ բիզնեսի համար ֆինանսական աղբյուրներ հայթայթելը, կոռուպցիան և պետական անարդյունավետ բյուրոկրատիան:

XS
SM
MD
LG