Մատչելիության հղումներ

Տնտեսությունը կարգավորող կարևորագույն փաստաթղթերից մեկի՝ Հարկային նոր օրենսգրքի քննարկումն այսօր Ազգային ժողովում անցավ գրեթե դատարկ դահլիճում: Գրանցվելուց հետո իշխանական պատգամավորների մեծ մասը լքեց խորհրդարանը: Մոտ 800 էջանոց օրենսգրքի երկրորդ ընթերցումն այդուհանդերձ առաջինի նման քննադատությունների պակաս չունեցավ։

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Հրանտ Բագրատյանը նախ սրտնեղեց՝ ինչու կառավարությունը լուրջ չի վերաբերվել իր առաջարկներին:

«Եվ երբ որ մենք դիտողություն ենք անում, ես խնդրում եմ՝ էսպես ասեք՝ սա հիմնավորված չէ, հիմնավորված է այսպես, գրեք՝ ինչու, թիվ գրեք: Ես հո ձեր երեխա՞ն չեմ, դուք ինձ պարզապես արհամարհում եք», - ասաց Բագրատյանը:

Նախկին վարչապետը շարունակեց՝ դեմ է քվեարկելու այս օրենսգրքին, քանի որ նոր փաստաթղթով, ըստ նրա, Հայաստանը շարունակելու է մնալ ամենաբարձր հարկային բեռ ունեցող երկրներից մեկը։

«Եվ շատ հաճախ, երբ որ ամենաբարձր մակարդակներով հայտարարվում է, որ Հայաստանը ունի համեմատաբար թեթև հարկային համակարգ, դա այդպես չէ, և ես ղեկավարության հետ էլ երբ որ առիթ լինի հանդիպեմ, ասելու եմ՝ էդ ինչ որ ասելու ես դրան գումարի 20 տոկոս ավելացված արժեքի հարկը սահմանի վրա, այն նոր ճիշտ թիվը կստանաս: Եվ ստացվում է շատ ավելի ծանր հարկային համակարգ, քան Միացյալ Նահանգներում, քան Իրանում, էլ չեմ խոսում Վրաստանի մասին», - ասաց Հրանտ Բագրատյանը:

Հարկային նոր օրենսգրքին դեմ արտահայտվեցին նաև Թևան Պողոսյանն ու Զարուհի Փոստանջյանը։ Պատգամավորների պնդմամբ, փաստաթուղթը խաղի հավասար կանոններ ու գործարարների համար կայունություն չի ապահովում։

«Ունեք շարժառիթ, ակնկալիքներ, որ այս օրենսգրքի ընդունման հետևանքով կարող եք գոնե ինչ-որ չափով ստանալ գումարներ, որոնց շուրջ պայմանավորվել եք: Ձեր ամբողջ նպատակը դա է, բայց այս օրենսգիրքը խնդիրներին լուծում չի տալու», - ասաց Զարուհի Փոստանջյանը:

«Օրենքի նախագիծը կարդալուց փորձում էի հասկանալ՝ որտեղ կարող եմ տեսնել հետևյալ նախադասությունը, օրինակ՝ այս փոփոխությունները առնվազն 10 տարի չեն փոխվելու», - նշեց Թևան Պողոսյանը:

Աղմկահարույց առաջին ընթերցումից հետո կառավարությունը վերանայել է մի շարք դրույթներ: Ընդդիմադիր Խաչատուր Քոքոբելյանի պնդմամբ, սակայն, այժմ էլ ընտրություն ենք կատարում վատի և վատագույնի միջև․ - «Էլ ավելի շատ բեթար վիճակից բերվեց նվազ բեթար վիճակի: Հենց այդպես էլ ուզում եմձևակերպեմ»:

Ընդդիմադիր Ալեքսանդր Արզումանյանին էլ հետաքրքրում էր՝ որքանո՞վ է հարկային այս նոր օրենսգիրքը համահունչ փոփոխությունների սիմվոլ հռչակված վարչապետ Կարեն Կարապետյանի բարեփոխումների ծրագրին։

«Եկել է նոր վարչապետ, ինչ-որ տեսլականի մասին է խոսել, ուղենիշներ է տվել և պետք է բերի մեզ ծրագիր: Որքանո՞վ է էս օրենսգիրքը համապատասխանելու իր նոր ծրագրի փիլիսոփայությանը: Արդյոք այս հարկային քաղաքականությունը սպասարկելու է իր՝ որպես կառավարության ղեկավար ծրագրի իրականացմանը: Չգիտենք», - ասաց Արզումանյանը:

Ընդդիմադիրներին այսօր հանրապետակա ններից հակադարձեց միայն ԱԺ փոխնախագահը։ Էդուարդ Շարմազանովը պնդեց, թե կուսակցությունը ելույթների փոխարեն գործով է մասնակից եղել փաստաթղթի մշակմանը։

«Պառլամենտ բերված նախնական տարբերակում և այսօրվա տարբերակում ահռելի ֆունդամենտալ փոփոխություններ կան: Եվ սա բոլորիս, ինչպես նաև բիզնես հանրության և հասարակական կազմակերպությունների միասնական աշխատանքի արդյունք է», - ասաց Շարմազանովը:

Օրենսգրքի հիմնական զեկուցող Վախթանգ Միրումյանն էլ շտապեց հայտարարել, որ ընդդիմության շատ առաջարկներ հաշվի են առնվել։ Ըստ ֆինանսների փոխնախարարի, սկզբնական տարբերակի համեմատ շրջանառության հարկի շեմը բարձրացվել է մինչև 58 միլիոն դրամ, կիսով չափ նվազել են հարկ չվճարողների տույժերը։ Միրումյանը կարևորում է հատկապես եկամտահարկի դրույքաչափի փոփոխությունը, որը նախորդ ընթերցման ժամանակ ԱԺ-ից բացի մեծ քննադատության էր արժանացել նաև միջինից բարձր աշխատավարձ ստացողների շրջանակում։

«Նոր սանդղակը նշանակում է, որ մինչև 280 հազար դրամ աշխատավարձ ստացողները, իսկ նշված անձանց թիվը կազմում է վարձու աշխատողների 89.8 տոկոսը կամ 550 հազար քաղաքացիներ, որոնք ունենալու են եկամտային հարկի գծով տնտեսումներ», - նշեց փոխնախարարը:

Հարկային նոր օրենսգիրքը երկրորդ ընթերցմամբ խորհրդարանը կքվեարկի վաղը՝ արտահերթ նիստում, երրորդ և վերջնական քննարկումները կսկսվեն առաջիկա քառօրյայի ընթացքում։ Փաստաթղթի ընդունման դեպքում, տնտեսության մեջ խաղի նոր կանոնների մեծ մասը կգործի 2018 թվականի հունվարի մեկից:

XS
SM
MD
LG