Մատչելիության հղումներ

logo-print

Արտաշես Թումանյան. Հայ-իրանական տնտեսական հարաբերություններն ակտիվ զարգանալու ներուժ ունեն


Հայ-իրանական ապրանքաշրջանառությունը 300 միլիոն դոլարից պակաս է, և սա անթույլատրելի է երկու բարեկամ, հարևան երկրների համար, սեպտեմբերի 25-ին Թեհրանում կայացած մամլո-ասուլիսին ասել է Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը։

«Երեք չի, երեքից պակաս է, բայց ինչո՞ւ պետք է երեք միլիարդ չլինի այս հարևանության պայմաններում», - ասել է Թումանյանը՝ հավելելով, որ Հայաստան ներմուծվող իրանական ապրանքը կազմում է այդ ոչ շատ մեծ ապրանքաշրջանառության գերակշիռ մասը։

Սրա պատճառները, դեսպանի փոխանցմամբ, և՛ օբյեկտիվ են, և՛ սուբյեկտիվ, սակայն, հայ-իրանական տնտեսական հարաբերություններն ակտիվ զարգանալու ներուժ ունեն։

«Վերջերս, երբ մեր էներգետիկայի նախարարն այստեղ էր, համատեղ հանձնաժողովի նախագահները հանդիպեցին իրար հետ, հայկական կողմն առաջարկեց, որ Իրանը և Հայաստանը առանց որևէ երրորդ կողմի մասնակցության, գազի առքի, վաճառքի տարանցման պայմանագիր ստորագրեն, այսինքն՝ այս գազամուղով դուք կարող եք Վրաստան գազ ուղարկել, որը հնարավորություն է և ձեր գազային արտադրողների շուկա մտնելու, և մեզ համար՝ տրանզիտային ծառայություն տալու։ Մենք նախագիծն ուղարկել ենք, իրանական կողմը հիմա քննարկում է», - ասել է դեսպանը։

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, ասուլիսը կազմակերպվել էր հոկտեմբերին Իրանում կայանալիք հայկական ապրանքների ցուցահանդեսի մասին իրանցի լրագրողներին իրազեկելու նպատակով։

Արտաշես Թումանյանը, մասնավորապես, հորդորում էր լրագրողներին չհավատալ, թե հայկական արտադրանքը վատն է, նա հորդորել է՝ այցելել ցուցահանդես և համոզվել դրանում։

Իրանցի լրագրողները նաև քաղաքական բնույթի հարցեր են տվել, մասնավորապես, Եվրասիական տնտեսական միությանը՝ Ադրբեջանի հնարավոր անդամակցության մասին։

«Նախ ասեմ, որ իմանաք, Եվրասիական տնտեսական միության մեջ, եթե որևէ մեկը մտնի, այսօրվա անդամները պետք է համաձայն լինեն, այսինքն՝ դա նշանակում է, որ Հայաստանը համաձայն է, որ Ադրբեջանը մտնի Եվրասիական տնտեսական միություն։ Եթե մեր երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի հարցերը լուծված լինեն, բնականոն հարաբերության մեջ լինենք, խաղաղություն լինի, արդար լուծումներ լինեն, ինչո՞ւ չէ, ամեն ինչ էլ կարելի է քննարկել», - ասել է դեսպանը՝ հավելելով. - «Մեզ համար շատ զգայուն Ղարաբաղի հարցում Իրանի դիրքորոշումը շատ զսպող և հավասարակշռող դեր ունի»։

XS
SM
MD
LG