Մատչելիության հղումներ

Սանդրա Ռուլոֆս. Եթե հարկ լինի` Սաակաշվիլին Օդեսայից Թբիլիսի թունել կփորի


Սանդրա Ռուլոֆս, արխիվ
Սանդրա Ռուլոֆս, արխիվ

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հետաքննում է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից հետընտրական անկարգությունների նախապատրաստման մասին տեղեկությունները:

Դրանք սկսեցին շրջանառվել երեկ, երբ YouTube-ում հայտնվեցին այժմ Օդեսայի նահանգապետի պաշտոնը զբաղեցնող Սաակաշվիլիի և նրա հիմնադրած «Ազգային միացյալ շարժում» կուսակցության մի շարք ղեկավար անդամների հեռախոսազրույցների ձայնագրությունները: Գաղտնալսված այդ զրույցներում նախկին նախագահի զինակիցները խոսում են հոկտեմբերի 8-ի քվեարկությունից հետո Թբիլիսիի կենտրոնում բողոքի ակցիաներ կազմակերպելու անհրաժեշտության, կամ ինչպես իրենք են նշում` «հեղափոխական սցենարի» մասին: Ինքը Սաակաշվիլին, դատելով հրապարակված ձայնագրությունից, կարծես հակված է հենց այդ սցենարին:

«Եթե որևէ մեկը պատրաստվում է կոալիցիա մտնել, թող մտնի: Ես կոալիցիային նախապատրաստվելու որևէ ցանկություն չունեմ, ես դրա համար չեմ պայքարում», - նշում էր Սաակաշվիլին` անդրադառնալով վրացական քաղաքական դաշտում ակտիվորեն շրջանառվող այն տեսակետին, որ ընտրություններից հետո երկրում կարող է կոալիցիոն կառավարություն ձևավորվել:

Մի քանի օր առաջ էլ Սաակաշվիլին հայտարարել էր, թե պատրաստվում է Վրաստան վերադառնալ հոկտեմբերի 8-ի քվեարկության ավարտին զուգահեռ, երբ հրապարակվեն «էքզիթ փոլերի»` ընտրողների` տեղամասերի մոտ հարցումների արդյունքները: Նախկին առաջին տիկին Սանդրա Ռուլոֆսն իր ամուսնու ապագա վերադարձը հայրենիք շատ ավելի պատկերավոր էր նկարագրում:

«Եթե պետք լինի Օդեսայից Սոլոլակ թունել փորել` Միշան դա կանի: Շատ շուտով նա այստեղ է լինելու` մեզ հետ միասին հաղթանակը տոնելու համար», - դիմելով Զուգդիդիի բնակիչներին՝ ասում էր Ռուլոֆսը:

Վրաստանի գործող իշխանությունները, սակայն, խորհուրդ են տալիս Սաակաշվիլիին զերծ մնալ ներքաղաքական զարգացումներին միջամտելուց` հիշեցնելով, որ նա արդեն այլ երկրի քաղաքացի է: Այս մասին հայտարարեց Վրաստանի նախագահի խոսնակ Էկա Միշվելաձեն:

«Ես մեկ անգամ ևս ձեզ եմ փոխանցում նախագահի տեսակետը: Նա բազմիցս կոչ է արել Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչներին և այդ երկիրը ներկայացնող պաշտոնյաներին զերծ մնալ Վրաստանում կայանալիք ընտրություններին միջամտելուց», - ասել է Միշվելաձեն:

Թե՛ Միխեիլ Սաակաշվիլին և թե՛ նրա զրուցակիցները ներկայացվող մեղադրանքները կտրականապես հերքում են` պնդելով, որ ձայնագրությունները խնամքով մոնտաժվել են` հնարավոր հեղաշրջման պատրանք ստեղծելու համար:

Ազգային միացյալ շարժման ղեկավար անդամները, ում ձայնը կարելի էր հստակորեն ճանաչել Սաակաշվիլիի հետ զրույցների ձայնագրություններում, արդեն իսկ կանչվել են հարցաքննության: Նրանցից որևէ մեկը, սակայն, այսօր Պետական անվտանգության ծառայություն ներկայանալ չի ցանկացել:

Ծագած սկանդալի ֆոնին Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները քաղաքական դաշտում կրկին միայնակ են: Ոչ միայն իշխանության ներկայացուցիչներն են վստահ, որ հրապարակված ձայնագրությունները համապատասխանում են իրականությանը, այլև ընդդիմության մյուս` Ազգային միացյալ շարժման հետ առնչություն չունեցող թևի ներկայացուցիչները չեն բացառում, որ նախկին իշխանությունները կարող են ինչ-ինչ հետընտրական ծրագրեր ունենալ:

«Մենք ենք մեր հարկերով պահում Պետական անվտանգության ծառայությունը, ուստի ես պահանջում եմ, որպեսզի այդ կառույցը կատարի իրեն վերապահված պարտականությունները և հանրությանը հստակորեն բացատրի` որքանով են իրական հրապարակված ձայնագրությունները: Դրանցում հստակ հանցակազմ է առկա: Մենք պետք է նաև հասկանանք, որ վրացական հանրությունը հոգնել է ցանկացած լարվածությունից և ապակայունացումից», - հայտարարում էր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Իրակլի Ալասանիան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG