Մատչելիության հղումներ

Թուրքիայում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո շուրջ 32 հազար մարդ է ձերբակալվել: Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը թուրքական «NTV» հեռուստաալիքի եթերում ամփոփելով հեղաշրջման փորձից հետո պետական կառույցներում ընթացող մաքրումների արդյունքները՝ նշել է. - «70 հազար մարդու նկատմամբ քննություն է ընթանում, շուրջ 32 հազար հոգի ձերբակալվել է: Գործընթացը շարունակվում է: Հնարավոր են ինչպես նոր ձերբակալություններ, այնպես էլ ազատ արձակումներ»:

Բոզդաղը նաև հայտնել է, որ դատական գործերի աննախադեպ մեծ թվի հետ կապված որոշ շրջաններում լսումներ անցկացնելու սրահների պակաս է զգացվում: Նախարարի խոսքով` այդ նպատակով նախատեսվում է դատական նոր դահլիճ կառուցել մայրաքաղաք Անկարայում:

Թուրքիայի արդարադատության նախարարը անդրադարձել է նաև թուրքական իշխանությունների պնդմամբ հուլիսյան հեղաշրջման փորձի կազմակերպիչ ԱՄՆ-ում բնակվող իսլամական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման խնդրին: Բոզդաղը լրագրողներին փոխանցել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենից ստացած տեղեկությունը, որ Գյուլենի արտահանձնման համար սկսել են էական ապացույցներ ի հայտ գալ:

«Առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում պարզ կդառնա Ֆեթուլլահ Գյուլենի ժամանակավոր ձերբակալության համար մեր պահանջի վերաբերյալ որոշումը», - հայտարարել է Բոզդաղը` նշելով, որ աշխատելու են այս շաբաթ նոր հանդիպում կազմակերպել ԱՄՆ արդարադատության նախարարի հետ:

Հիշեցնենք, թուրքական իշխանությունները վտարանդի գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին են մեղադրում անցած հուլիսին Թուրքիայում հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ` ամերիկյան իշխանություններից պահանջելով արտաքսել կամ արտահանձնել նրան: Ինքը՝ Գյուլենը, հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները` և որպես հեղաշրջման փորձի պատասխանատու մատնանշում իր երբեմնի գաղափարակցին` Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին:

Անցած շաբաթ գերմանական լրատվամիջոցների հետ հարցազրույցում Գյուլենը կրկնել էր իր պահանջը` միջազգային հանձնաժողովը պետք է հետաքննի հեղաշրջման փորձը և եթե իր մեղքը ապացուցվի, ապա նա պատրաստ է վերադառնալ Թուրքիա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG