Մատչելիության հղումներ

logo-print

Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի հանրային հեռուստաընկերության 60-ամյա հոբելյանի կապակցությամբ, երեկ երեկոյան այցելել է Հանրային հեռուստաընկերություն:

Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, նախագահը շրջայց է կատարել ընկերությունում, ծանոթացել հեռուստաեթերի բովանդակային և տեխնիկական որակի բարձրացման, եթերային նոր քաղաքականության, ինչպես նաև հեռուստաընկերության շենքում վերանորոգման, աշխատակիցների գործունեության պայմանների բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքներին ու առաջիկա տարիների զարգացման հեռանկարին, լսել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ամփոփ զեկույցն այդ ամենի վերաբերյալ:

Այդ համատեքստում անդրադարձ է եղել նաև Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Ամենակարող երգիչ» նոր հաղորդմանը, որը հասարակության մեջ անցած մի քանի օրերին քննարկումների ու քննադատության թեմա է դարձել:

Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը տեղեկացրել է, որ հաղորդումն ստեղծվել է ոչ այն նպատակով, որը վերագրվում է վերջինիս, այլ նախատեսված է ներկայացնելու ամենատարբեր՝ ժողովրդական, դասական, ջազ և այլ ժանրերի երաժշտություն, և եթե ճիշտ չի ընկալվել հասարակության շրջանում ու տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել, ապա Հանրային հեռուստաընկերությունն այսուհետ ավելի ուշադիր կլինի հասարակության արձագանքին, ձեռքը կպահի հասարակության զարկերակի վրա, կփորձի արդարացնել նրա ակնկալիքները Հանրային հեռուստաընկերությունից:

Հանրապետության նախագահը կարևորել է մինչ հաղորդումների նախապատրաստումը ոլորտի մասնագետների, հասարակության մեջ հարգանք վայելող և վաստակ ունեցող մտավորականների հետ խորհրդակցելը, հանդիպումներ, քննարկումներ ունենալը, նրանց ցանկություններն ու լսարանի հետաքրքրությունները հասկանալը: Հանրության հետ փոխադարձ կապը, Սերժ Սարգսյանի համոզմամբ, անշուշտ, օգտակար կլինի:

Հանրային հեռուստաընկերության պատասխանատուները վստահեցրել են նախագահին, որ ավելի հաճախակի կդարձնեն այդպիսի հանդիպումները և ավելի ուշադիր կլինեն հանրության արձագանքին:

Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի հանրային հեռուստաընկերության 60-ամյակի կապակցությամբ, հեռուստաընկերության մի խումբ աշխատակիցների մշակույթի բնագավառում ներդրած ավանդի, ինչպես նաև երկարամյա և արդյունավետ աշխատանքի համար պարգևատրել է մեդալներով և շնորհել պատվավոր կոչումներ:

Հոբելյանին նվիրված տոնական երեկոյի ժամանակ նախագահը հանձնել է պետական բարձր պարգևները, շնորհավորել հեռուստաընկերության 60-ամյակի և պարգևների արժանանալու կապակցությամբ: Սերժ Սարգսյանը կարևորել է տասնամյակներ շարունակ հեռուստատեսության բազմաթիվ նվիրյալ աշխատակիցների տքնաջան աշխատանքը և հաջողություններ մաղթել հեռուստաընկերությանը:

«Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել այն աշխատակիցներին, ովքեր գիտեն բնակարան մտնելու և խոսք ասելու արժեքը և դա անում են մեծ պատասխանատվությամբ: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր օգնում են եթերում երևացող մարդկանց ստեղծել լավ գործեր: Նոր եթերաշրջանը, առավել ևս հոբելյանական եթերաշրջանը, ծննդյան օրվա պես մի բան է: Այսօր տոն է, բայց այս տոնի ժամանակ էլ, տեսեք, տեսախցիկի ետևում մարդիկ աշխատում են: Մենք նոր տեսանք, թե մարդիկ ռեժիսորական վահանակի առջև ինչպես են աշխատում և շատ հաճախ այդ մարդկանց դեմքով էլ չենք ճանաչում»,- ասել է նախագահը և ընդգծել, որ հենց նրանց շնորհիվ է, որ 60 տարի առաջ Հայաստանում իր գործունեությունն սկսեց հեռուստատեսությունը և կարճ ժամանակաընթացքում կարողացավ Խորհրդային Միության երկրներից ամենաշատ եթերաժամն ունենալ, ինչը պայմանավորված էր լավ մասնագետների առկայությամբ:

Այդուհանդերձ, նախագահի համոզմամբ, առաջինը լինելու կամ առաջինը դառնալու համար մշտապես պետք է կատարելագործվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG