Մատչելիության հղումներ

logo-print

Սարի թաղում տուժած քաղաքացին չի զարմանում, որ գործով միայն տուժող կա՝ ինքը


Ոստիկանությունը Սարի թաղում ցրում է ցուցարարներին, 29-ը սեպտեմբերի, 2016թ․

Ոստիկանությունը Սարի թաղում ցրում է ցուցարարներին, 29-ը սեպտեմբերի, 2016թ․

Ոստիկանների ու ցուցարարների հետ հուլիսի 29-ին Սարի թաղի բախումներից հետո ոտքերի շրջանում ծանր այրվածքներով հիվանդանոցում հայտնված Գևորգ Մնացականյանը պնդում է՝ դեպքից երկու ամիս է անցել, բայց հարուցված քրեական գործով դեռ ոչ մի նորություն չկա:

Չի զարմանում, որ գործով միայն տուժող կա՝ ինքը: Պնդեց՝ իր ուղղությամբ պայթուցիկ սարք նետողը ոստիկան էր, ասաց՝ հո չի՞ պատժվի:

«Ո՞նց կարա պատահի, որ երկու ամսում չկարողանան պարզել՝ ով է եղել, որովհետև նույն գումարտակը գալիս կանգնում է, նույն գումարտակը՝ հրամանը կատարում է: Պարզ չի՞ ով է կատարել, չե՞ն կարողանում պարզել: Հենց գլխավոր խնդիրն այն է, որ տուժողը կա, կասկածյալը չկա», - ասաց Մնացականյանը:

Ցույց տալով այն հատվածը, որտեղ ինքը վնասվել է, պատմեց՝ երբ տեղեկացել է, որ ցուցարարները Խորենացի փողոցից շարժվում են դեպի Սարի թաղ, տնից դուրս է եկել, որպեսզի միանա նրանց: Կարճ ժամանակ անց, սակայն, նկատել է, որ Սարի թաղ բարձրացած խաղաղ ցուցարարներն ու ոստիկանական համազգեստով և քաղաքացիական հագուստներով ոստիկանները քաղաքացիները հայտնվել են դեմ առ դեմ:

«Հետո սկսվեցին պայթյուններն ու կրակոցները», - վերհիշեցին քանդակագործ Գևորգն ու ընկերը՝ Էդգար Ազարյանը, ովքեր այդ օրը միասին են եղել դեպքի վայրում:

«Եկանք, հասանք ստեղ, մի 8-10 րոպե հետո սկսեցին կրակել իրար վրա: Էս սաղ տարածքը տարբեր տեղեր տրաքում էր»:

Երիտասարդը, ում համար երկու ամիս շարունակ ոտքի կանգնելն ու քայլելն իսկական փորձություն է եղել, միայն վերջերս է վերադարձել աշխատանքի: Դեպքի վայրում, ըստ նրա, պայթյուններից տներ ու ցանկապատեր էին տուժել: Ի տարբերություն հարուցված քրեական գործի, ասաց՝ բոլոր հետքերը վերացված են: Քաղաքապետարանը վերականգնել է բնակիչների վնասները: Քաղաքային իշխանությունների կողմից մոռացված Սարի թաղն ըստ Գևորգի՝ այսպիսի հոգածություն երբեք չէր տեսել:

«Տեսնում ենք մայթերը քանդած: Էս երկաթը երևի մեր պապերն են վերջին անգամ ներկած տեսել: Խի՞ չեն էսի սարքում, էս են սարքում, որ իրանց հետքերը կորցնեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գևորգ Մնացականյանը:

Գևորգն ասում է՝ իր հետ կատարվածից հետո ընդամենը երկու անգամ է հանդիպել իրավապահներին, այն էլ՝ հիվանդանոցում: Ցույց տալով ոտքերը վնասած պայթուցիկ առարկայից մնացած բեկորը՝ ասաց՝ վերքերից է հայտնաբերել:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ներկայացուցիչ Հայկուհի Հարությունյանը, ով Գևորգից բացի նաև հուլիսի 17-30-ը տեղի ունեցած դեպքերից հետո մի շարք քաղաքացիների պաշտպանությունն է ստանձնել, ասաց՝ այդ բեկորները փորձաքննության չեն ենթարկվում ըստ պատշաճի: Պնդեց՝ ՊՊԾ գնդի գրավման օրերին տեղի ունեցած դեպքերի առնչությամբ որևէ քաղաքացու մասով քրեական գործ չի հարուցվել: Ասաց՝ ոստիկանական գործողությունների առնչությամբ հարուցվել է մեկ ընդհանուր քրեական գործ, որի շրջանակներում ներգրավվել են այդ օրերին տուժած բոլոր քաղաքացիները: Փաստաբանի պնդմամբ՝ խոսքն ավելի քան 70 տուժողի մասին է:

«Խնդիրը հետևյալն է, որ ոստիկանությունը կիրառել է ակնհայտ անհամաչափ ուժ խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ: Եվ ոստիկանության կողմից էդ հատուկ միջոցների և ուժի կիրառման իրավաչափության հարցը, որին պիտի գնահատական տա ՀՔԾ-ն, օրակարգային ամենաառաջին հարցն է: Դա որոշում կայացնող անձն է, որ որոշում է կայացրել առաջինը՝ հատուկ միջոցներ կիրառել, երկրորդը՝ անհատ ոստիկանները, ովքեր որ էդ հատուկ միջոցները կիրառել են: Քանի որ քանակությունը էդ հատուկ միջոցը էդ ինտենսիվությամբ կիրառելու որոշումը անհատ ոստիկանն է տեղում կայացրել», - ասաց Հայկուհի Հարությունյանը:

XS
SM
MD
LG