Մատչելիության հղումներ

Թոմաս դը Վաալ. Ադրբեջանը մուտք է գործում անկայունության ժամանակաշրջան


Թոմաս դը Վաալ, արխիվ

Թոմաս դը Վաալ, արխիվ

«Ադրբեջանը մուտք է գործում փոփոխությունների և անկայունության ժամանակաշրջան», - համոզված է Կովկասի խնդիրներով զբաղվող ամենահեղինակավոր արևմտյան փորձագետներից մեկը` Թոմաս դը Վաալը:

«Քարնեգի» հիմնադրամի կայքում զետեղված ծավալուն հոդվածում վերլուծաբանը նկատում է. - «Նավթային բումը, որը խթանեց տնտեսության աճը, ամրապնդեց պետականության հիմքերն ու թույլ տվեց Ադրբեջանին նորովի հանդես գալ միջազգային ասպարեզում, ավարտված է»:

Դը Վաալի համոզմամբ, այսօր Ադրբեջանի իշխանությունը կանգնած է բավական լուրջ երկընտրանքի առջև` ինչպե՞ս ազատականացնել տնտեսությունն առանց քաղաքական բարեփոխումների:

«Ադրբեջանում այսօր գործող կառավարման համակարգը թերևս ամենաավտորիտարն է 1991 թվականից ի վեր», - նշում է վերլուծաբանը։

Նրա խոսքով, սակայն, Բաքվի առջև ծառացած հիմնական խնդիրներից մեկը 2000-ականնների կեսերից կուտակած նավթային գերշահույթների անարդյունավետ տնօրինումն էր:

«Նավթային բումի տարիներին երկրի ռազմական բյուջեն հասավ տարեկան 4 միլիարդ դոլարի: Դրա հետ մեկտեղ այն ոլորտները, որոնք առանցքային նշանակություն ունեին աղքատության դեմ պայքարի և Ադրբեջանի բնակչության սոցիալական ապահովության տեսանկյունից` ավելի քիչ գումար էին ստանում», - նշում է վերլուծաբանը։

Դը Վաալի խոսքով, Ադրբեջանն ավելի լուրջ խնդիրների բախվեց միջազգային շուկայում նավթի գնի կտրուկ անկման պատճառով:

«2016 թվականի առաջին 8 ամիսներին ՀՆԱ-ի անկումն Ադրբեջանում մոտ չորս տոկոս է կազմել, արտահանման ծավալները նվազել են 37 տոկոսով: 2016-ի սեպտեմբերին Ադրբեջանի Կենտրոնական բանկի պահուստային միջոցները մոտ 4 միլիարդ դոլար էին կազմում`2014 թվականի 15 միլիարդի համեմատ: Անկում են ապրում նաև նավթի արդյունահանման ծավալները: Եթե այսպես շարունակվի, ապա Ադրբեջանի նավթային պաշարները կսպառվեն երկու տասնամյակի ընթացքում, հատկապես, եթե հաշվի առնենք, որ 1994-ից այս կողմ Ադրբեջանի տարածքում որևէ նոր նավթահոր չի հայտնաբերվել», - գրում է Դը Վաալը:

Նման պայմաններում, ըստ բրիտանացի վերլուծաբանի, Ադրբեջանի իշխանությունների համար ցնցումներից խուսափելը բավական դժվար է լինելու:

«Նավթային բումի ավարտը բարեփոխումներ է պահանջում, որոնց իրականացումն անհնարին է՝ առանց քաղաքական կյանքին հանրային լայն զանգվածների որոշակի մասնակցության: Բայց, եթե որոշ նախանշաններ են առկա, որ Ադրբեջանի կառավարությունը կարող է տնտեսական բարեփոխումներ իրագործել, վերջին սահմանադրական փոփոխությունները վկայում են, որ Ադրբեջանի նախագահի միակ ցանկությունը իր ստեղծած քաղաքական համակարգի պաշտպանությունն ու դրա գործունեության երկարաձգումն է», - նշում է Թոմաս դը Վաալը` հավելելով. - «Ադրբեջանական հանրությունը շատ ավելի արագորեն է փոխվում քան դա կարող են ընկալել Բաքվի իշխանավորները։ Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանի իշխանությունները վաղ թե ուշքաղաքական նոր մարտահրավերների են բախվելու»:

XS
SM
MD
LG