Մատչելիության հղումներ

Հայաստանի կենտրոնական բանկի խորհուրդը այսօրվա նիստում որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.75 տոկոս:

ԿԲ հաղորդագրության համաձայն, այս տարվա օգոստոսին արձանագրվել է 0.5 տոկոս գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.1 տոկոս գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը նվազել է՝ ամսվա վերջին կազմելով -1.9 տոկոս: ԿԲ գնահատումների համաձայն՝ գնանկումային ցածր մակարդակը կպահպանվի նաև սեպտեմբերին, որից հետո մինչև տարեվերջ այն զգալիորեն կմեղմվի:

Արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերը և միջազգային ապրանքային շուկաների հարաբերական կայունությունը, չնայած որոշ պարենային ապրանքների գծով դիտվել են թույլ գնաճային միտումներ: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից գնաճային ազդեցություններ չեն ակնկալվում:

Խորհուրդն արձանագրում է, որ այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով արձանագրված տնտեսական բարձր ակտիվությունից հետո, երրորդ եռամսյակում հրապարակված ցուցանիշները փաստում են տնտեսական աճի հեռանկարների վատթարացման մասին: Արդյունքում վերանայվել են նաև ԿԲ սպասումները ներքին պահանջարկի զարգացումների վերաբերյալ: Նման իրավիճակում ԿԲ-ն գնահատում է, որ դեռևս պահպանվող համեմատաբար բարձր արտաքին պահանջարկը այլևս ամբողջությամբ չի փոխհատուցում թույլ ներքին պահանջարկը, ինչը ռիսկեր է առաջացնում գնաճի կանխատեսված ցուցանիշից՝ նվազման ուղղությամբ շեղման առումով:

Կարճաժամկետ հատվածում դեռևս պահպանվող ցածր գնաճի, զգալիորեն նվազած գնաճային սպասումների, ինչպես նաև ցածր պահանջարկի հետևանքով ավելացող գնանկումային ռիսկերի ներքո ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում շարունակել դրամավարկային պայմանների թուլացումը, ինչի պարագայում գնանկումային միջավայրը մինչև տարեվերջ հիմնականում կչեզոքանա, և կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը կվերադառնա նպատակային ցուցանիշին, ասված է հաղորդագրությունում:

ԿԲ խորհուրդը գնահատում է, որ չնայած կարճաժամկետ հատվածում գնանկումային ռիսկերը գերակշռում են, սակայն միջնաժամկետ հատվածում գնաճի նպատակի իրագործման էական ռիսկեր չկան:

Լոմբարդային ռեպոների և բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար 8.25 տոկոս և 5.25 տոկոս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG