Մատչելիության հղումներ

Սոցիոլոգների պնդմամբ՝ Քլինթոնը հաղթում է առաջին հեռուստաբանավեճում


ԱՄՆ - Նախագահի թեկնածուներ Հիլարի Քլինթոնի և Դոնալդ Թրամփի ձեռքսեղմումը նրանց առաջին հեռուստաբանավեճից հետո, Հեմփսթիդ, Նյու Յորք նահանգ, 26-ը սեպտեմբերի, 2016թ․

ԱՄՆ - Նախագահի թեկնածուներ Հիլարի Քլինթոնի և Դոնալդ Թրամփի ձեռքսեղմումը նրանց առաջին հեռուստաբանավեճից հետո, Հեմփսթիդ, Նյու Յորք նահանգ, 26-ը սեպտեմբերի, 2016թ․

Ինքնատիրապետում, խառնվածք, տոկունություն, կշռադատվածություն`սա է Դոնալդ Թրամփի և Հիլարի Քլինթոնի առաջին հեռուստաբանավեճի ժամանակ ամենահաճախ օգտագործված բառերի ոչ ամբողջական ցանկը: Նոյեմբերի 8-ին կայանալիք նախագահական ընտրություններից ընդամենը 42 օր առաջ հանրապետական և դեմոկրատ թեկնածուները մի պահ մոռացան Միացյալ Նահանգների առջև ծառացած քաղաքական խնդիրներն ու սկսեցին քննարկել միմյանց անձնական որակները:

«Կասկած անգամ չկա, որ ես ավելի կշռադատված եմ, և նաև իմ ինքնատիրապետման կարողությունն է ավելի ընդգծված», - հայտարարում էր Թրամփը: Նրա պնդմամբ՝ Քլինթոնը չափազանց հուզական է և հանրության հետ շփումներում կորցնում է ինքնատիրապետումը:

«Ես հաղթողի խառնվածք ունեմ: Նա չունի: Ես իմ կյանքում հաղթանակներ եմ արձանագրել, մրցակիցս` ոչ: Մի քանի օր առաջ արհմիությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ես տեսա, որ Դուք կատարելապես անվերահսկելի էիք: Ես հենց այդ պահին ասացի` նման խառնվածքով մարդը խնդիրներ է ստեղծելու», - դիմելով իր մրցակցին՝ հայտարարում էր հանրապետական թեկնածուն:

Նախկին պետքարտուղարն էլ որպես Թրամփի անվերահսկելիության վառ օրինակ մատնանշում էր արտաքին քաղաքականության ասպարեզում նրա որդեգրած վիճելի մոտեցումները:

«Իմ մրցակիցը բազմիցս հայտարարել է, որ խնդիր չի տեսնում, եթե միջուկային զենքին տիրապետող պետությունների թիվն ավելանա Ճապոնիայի, Հարավային Կորեայի, անգամ Սաուդյան Արաբիայի հաշվին: Միացյալ Նահանգների քաղաքականությունը, սակայն, թե՛ հանրապետականների և թե՛ դեմոկրատների օրոք անփոփոխ է եղել: Մենք արել ենք ամեն ինչ միջուկային զենքի տարածումը կանխելու համար: Միջուկային տեխնոլոգիաների տարածումը, սակայն, առաջնային վտանգ է, հատկապես եթե միջուկային զենքի ստեղծման համար անհրաժեշտ բաղադրիչները երբևիցե հայտնվեն ահաբեկիչների ձեռքում», - նշում էր Քլինթոնը:

Բանավեճի ընթացքում դեմոկրատ թեկնածուն հանրապետական մրցակցին թիրախավորում էր նաև Իրանի միջուկային ծրագրի աննպատակ քննադատության համար:

«Դոնալդը երբեք չի ասել, թե ինչ կաներ այս հարցում` պատերա՞զմ կսկսեր, կռմբակոծե՞ր Իրանը: Եթե նա պատրաստվում է [այս բանավեճի ընթացքում] քննադատել Իրանի հետ կնքված, իմ համոզմամբ՝ շատ հաջողված պայմանագիրը, ավելի լավ կլինի, որ նա այլընտրանքային լուծումներ առաջարկի: Թեև ես կարծում եմ, որ սա նույն պատմությունն է, ինչ «Իսլամական պետության» դեպքում: Թրամփն ասում էր, որ «Իսլամական պետությանը» հաղթելու գաղտնի ծրագիր ունի: Իրականում, սակայն, միակ գաղտնիքը այդ պլանի բացակայությունն է», - հեգնում էր Քլինթոնը:

Սրան ի պատասխան՝ Դոնալդ Թրամփը կրկին անցավ մրցակցի անձնական հատկանիշների քննարկմանը:

«Քլինթոնը նախագահի տեսք չունի: Ես ասել եմ նաև, որ ի տարբերություն ինձ՝ նա բավականաչափ տոկունություն և ինքնատիրապետում չունի: Դրանք այն որակներն են, որոնք անհրաժեշտ են այս երկրի նախագահը լինելու համար», - համոզմունք էր հայտնում ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածուն:

Ամերիկյան առաջատար լրատվամիջոցների` դեբատներին հետևած առաջին գնահատականների համաձայն, բանավեճի ընթացքում Հիլարի Քլինթոնը շատ ավելի համոզիչ հանդես եկավ: CNN-ի գնահատմամբ՝ Դոնալդ Թրամփը բանավեճի ընթացքում հիմնականում պաշտպանվողի դերում էր: Public Policy Polling ծառայության հարցման արդյունքների համաձայն էլ, հեռուստաբանավեճի ընթացքին հետևած ամերիկացիների 51 տոկոսը համոզված է` դեբատների հաղթողը Հիլարի Քլինթոնն է: Ամերիկացի սոցիոլոգների պնդմամբ՝ Քլինթոնի տեսակետը առավել համոզիչ է թվացել հատկապես երիտասարդներին, աֆրոամերիկացիներին և ԱՄՆ բնակչության իսպանախոս հատվածին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG