Մատչելիության հղումներ

Վերսկսվել է Գևորգ Սաֆարյանի գործով դատը


«Սասնա ծռեր»-ի կողմից ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրավելուց հետո առաջին անգամ այսօր շարունակվեց խմբի համախոհ, «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Գևորգ Սաֆարյանի՝ 2 ամիս ընդմիջված դատական նիստը։

Սաֆարյանը հանդես եկավ հայտարարությամբ:

«Քրեական գործը հետաձգվել է և դատական նիստերի օրերը հետաձգվել են հենց այն պատճառով, որ «Սասնա ծռեր»-ը գրավել են ՊՊԾ գունդը: Եվ սա ևս մի անգամ ապացուցում է, որ տվյալ քրեական գործը զուտ քաղաքական հիմք ունի», - ասաց Սաֆարյանը:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը Սաֆարյանի հարցին ի պատասխան նշեց միայն, որ իրավասու մարմինները չէին ներկայացրել նրան դատարան։ Թե ինչու՝ չմանրամասնեց։

Սաֆարյանի հայտարարությունը, որ իր գործով դատական նիստերը հետաձգվել են՝ «Սասնա ծռեր»-ի կողմից ՊՊԾ գնդի տարածքը գրավելու հետ կապված, կիսատ մնաց:

«Դուք մեղադրանքի վերաբերյալ կարող եք արտահայտվել, մեղադրանքին հաջորդող օրերին է վերաբերում, և մեղադրանքի ծավալում ձեր նման հանգամանք նշված չէ», - ասաց դատավորը:

Նա շարունակեց հորդորել Սաֆարյանին` խոսել քրեական գործի շրջանակներում, իսկ մեղադրող դատախազը հայտարարեց, թե Սաֆարյանը «նույն երգն է երգում», ինչը հարուցեց դահլիճում գտնվողների զայրույթը։

Ոստիկանին հարվածելու մեջ մեղադրվող Գևորգ Սաֆարյանը մոտ 9 ամիս է՝ զրկված է ազատությունից: Նրան կալանելու որոշումը կայացվել է բացառապես ոստիկանների ցուցմունքների հիման վրա:

Մինչ այժմ հարցաքննվել են ոստիկանները, որոնք պնդել են, թե Սաֆարյանը հարվածել է Հրեշտակների գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանին։

Որպես իրեղեն ապացույց ներկայացվեց «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամի տաբատը, որով նա եղել է դեպքի ժամանակ։ Նա և նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանը, ցույց տալով տաբատի վրայի հետքերը, պնդեցին, թե դրանք ոստիկանի ոտքի հարվածի հետքերն են։ «Հիմնադիր խորհրդարան»-ի կալանավորված անդամը նշեց, որ իրենք դիմել էին նախաքննական մարմնին՝ փորձաքննություն անցկացնելու, բայց իրենց դիմումը չբավարարվեց։ Դատախազն իր հերթին կարծիք հայտնեց, թե հնարավոր է հետքերը Գևորգն է թողել արդեն ձերբակալված ժամանակ։

Այսօր հարցաքննվեց գործով վկա «Արմմոբիլ» ընկերության աշխատակից Արթուր Պետրոսյանը, որն այդ օրը Ազատության հրապարակի սրճարաններից մեկում ծառայություն էր իրականացնում։ Նա հայտարարեց, որ Ամանորի գիշերը տեսել է, թե ինչպես են քաղաքացիներն ու ոստիկանները Ազատության հրապարակում քաշքշում իրար, նա նաև ասաց, որ լսել է, թե ինչպես են քաղաքացիները հայհոյում ոստիկաններին։

Գևորգ Սաֆարյանի ու նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանի հարցին, թե ինչպե՞ս իմացավ, որ քաղաքացիներն են հայհոյում, Պետրոսյանը պատասխանեց, թե հայհոյանքների մեջ ոստիկան բառն էր նշվում։ Միևնույն ժամանակ, վկան ասաց, որ ոստիկանները փորձում էին զերծ մնալ հայհոյանքներից։

Դատական նիստից հետո Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը շարունակեց պնդել, որ Սաֆարյանի գործով դատական նիստերը հետաձգվել էին «Սասնա ծռեր»-ի գործողությունների պատճառով։ Հայրապետյանը շարունակում է պնդել, որ Սաֆարյանն իր քաղաքական հայացքների համար է հայտնվել ճաղերի հետևում։

«Նույն Գեղամ Խաչատրյանը էս նույն դահլիճում ասաց, որ Գևորգ Սաֆարյանն ինձ հայհոյել է, ես եռակի հայհոյանքով նրան պատասխանել եմ: Մի դեպքում մենք ունենք ոստիկանների էսպիսի պահվածք, որ ամեն հայհոյանքին իրենք եռակի բարձր հայհոյանք են տալիս, ինչը ցույց է տալիս մեր ոստիկանության ներկա վիճակը և ինչի համար նա պետք է աշխատանքից վաղուց ազատված լիներ», - ասաց փաստաբանը:

Այսօրվա դատական նիստին Գևորգ Սաֆարյանը կաղալով մոտեցավ դատավորին։ Հայրը՝ Վիտալիկ Սաֆարյանն «Ազատությանն» ասաց, որ որդու մոտ առողջական խնդիրներ կան։

«Իմ կարծիքով ոստիկանների հարվածներից է: Կալանավորել են՝ ոտքի ցավ չի ունեցել: Կարգին բժիշկներ չկան, ինչ-որ մի բժիշկ մոտեցել է, ասել է՝ երկար նստելուց ցավում է: Երկար նստելուց ծունկը կցավա՞: Մենք դեղեր ենք տարել քսել է», - ասաց Վիտալիկ Սաֆարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG