Մատչելիության հղումներ

Նալբանդյանը Հյուսթոնում Հանրային քաղաքականության ինստիտուտում խոսել է ղարաբաղյան խնդրից


Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը երեկ Հյուսթոնում այցելել է Ռայսի համալսարանի Ջեյմս Բեյքերի անվան Հանրային քաղաքականության ինստիտուտ, որտեղ հանդես է եկել Հարավային Կովկասի մարտահրավերների վերաբերյալ ծավալուն դասախոսությամբ:

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, հանդիպումը, որին ներկա էին հեղինակավոր վերլուծաբաններ և գիտնականներ, գործարար շրջանակների ներկայացուցիչներ, Հյուսթոնում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, վարել է ինստիտուտի հիմնադիր-տնօրեն, ամերիկյան ականավոր դիվանագետ, դեսպան Էդվարդ Ջերեջյանը:

Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է անկախության 25 տարիների Հայաստանի անցած ուղին, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնակատարը հանգամանալից անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին, ներկայացրեց Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածությունները և Ադրբեջանի ապակառուցողական փորձերը` հետ կանգնելու այդ հանդիպումների արդյունքները կյանքի կոչելուց:

Էդվարդ Նալբանդյանը խոսել է ցեղասպանության հանցագործության կանխարգելման ուղղությամբ միջազգային բեմահարթակում Հայաստանի նախաձեռնող դերակատարության, տարբեր միջազգային կառույցներում Հայաստանի ներգրավվածության, տարբեր երկրներում ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցության, մի շարք միջազգային կազմակերպությունների հետ Հայաստանի համագործակցության, սիրիական ճգնաժամի հետևանքների, միգրացիոն հոսքերի, Մերձավոր Արևելքում առկա իրավիճակի մասին։

Դասախոսության ավարտին Նալբանդյանը պատասխանել է ներկաների հարցերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG