Մատչելիության հղումներ

«Համախմբում»-ը դիտարկեք որպես երկրում իշխանությանը հավակնող ուժ․ Օսկանյան


Կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը իր ելույթում հատուկ ընդգծեց, որ Վանաձորի ընտրությունները սոսկ տեղական նշանակություն չունեն:

Հոկտեմբերի 2-ին Վանաձորում կայանալիք տեղական ինքնակառավարման ընտրություններին ընդառաջ «Համախմբում» կուսակցությունը կիրակի օրը համապետական հանրահավաք անցկացրեց Վանաձորում, որին մասնակցելու համար շուրջ մեկ տասնյակ ավտոբուսներով ու միկրոավտոբուսներով մարդիկ էին ժամանել Վանաձոր: Կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի խոսքով, Վանաձորում և Գյումրիում իշխանափոխության հասնելուց հետո, հաջորդ քայլը լինելու է առաջիկա ապրիլին խորհրդարանական ընտրություններում իշխանությունն իրենց ձեռքը վերցնելը:

«Երբ դուք գնաք ընտրությունների ամսի 2-ին, «Համախմբում» կուսակցությունը դիտարկեք ոչ միայն որպես քաղաքում իշխանության հավակնող քաղաքական ուժ, այլ «Համախմբում» կուսակցությունը դիտարկեք որպես երկրում արդեն իշխանությանը հավակնող քաղաքական ուժ: Ամեն ինչ անելու ենք որպեսզի կարողանանք լինել այն այդ ընտրանքը ժողովրդի համար և կարողանալ իսկապես հաջորդ համապետական ընտրություններում իշխանություն վերցնել», - հայտարարեց Օսկանյանը:

«Համախմբում» կուսակցության ցուցակը Վանաձորում գլխավորող դասախոս Վահան Ղույումչյանի հաղթանակի դեպքում Օսկանյանը խոստացավ օգտագործել իր կապերը հօգուտ Վանաձորի:

«Ես կկարողանամ ներգրավվել նաև Սփյուռքի հնարավորությունները, միջազգային հանրության աջակցությունը, և մենք կկարողանանք այդ բոլոր ջանքերը համադրելով և՛ քաղաքներում, և՛ երկրում իրական փոփոխությունների հասնել, որ մեր ժողովուրդը ամենակարճ ժամանակումիր մաշկի վրա զգա դրական փոփխություններ», - ասաց Օսկանյանը:

Հանրահավաքից հետո կուսակցության վարչության անդամներն ու սատարողները երթով շարժվեցին Վանաձորի կենտրոնական փողոցներով: «Համախմբման» երթին զուգահեռ մի քանի տասնյակ մեքենաներով ավտոերթ էին իրականացնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներն ու աջակիցները՝ կոչ անելով բնակիչներին հոկտեմբերի 2-ին քվեարկել իրենց օգտին:

Մինչ այդ՝ սեպտեմբերի 29-ին, կուսակցությունը նախատեսում է հանրահավաք անցկացնել Վանաձորում: Կուսակցության կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու, գործող ավագանու անդամ Արամ Խաչատրյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ՏԻՄ ընտրությունները փորձաշրջան են ԱԺ ընտրություններից առաջ:

«ՏԻՄ ընտրությունների ժամանակ իշխանափոխություն անելը պարտադիր պայման է, բայց բավարար պայման չէ, որ մարդկանց կյանքը փոխվի, դրա համար մենք կարևորում ենք և՛ ՏԻՄ ընտրությունները, և՛ համապետական ընտրությունները», - ասաց քաղաքապետի թեկնածուն:

Խաչատրյանը նշում է, որ իրենք Վանաձորի խնդիրները՝ տանիքների վերանորոգումից մինչև փողոցների ասֆալտապատում, փուլ առ փուլ են լուծելու: Բայց առավել կարևորում է լեգիտիմ իշխանություն ունենալու հարցը:

Իշխող կուսակցության թեկնածու հանրապետական Մամիկոն Ասլանյանն էլ բակային հանդիպումների ընթացքում բնակիչներին վստահեցնում է, թե քաղաքական թիմը, որն ինքն է ներկայացնում շատ լուրջ է տրամադրված Վանաձոր քաղաքի հեռանկարի ու զարգացման ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG