Մատչելիության հղումներ

Մոսկվան ու Վաշինգտոնը միմյանց մեղադրում են Սիրիայում հրադադարի ձախողման մեջ


Ռուսաստանը ամեն ինչ կանի, որ քննությամբ պարզվի՝ ով էր մեղավոր Սիրիայում անցած շաբաթասկզբին մարդասիրական ավտոշարասյունը ռմբակոծելու համար՝ հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ կրկին քննադատության սլաքն ուղղելով Միացյալ Նահանգների կողմը:

«Մենք հենց սկզբից պահանջեցինք հետաքննել, սակայն, իմ գործընկեր Ջոն Քերրին հայտարարեց, թե հետաքննություն, գուցե, հնարավոր է անցկացնել, բայց առանց դրա էլ իրենք գիտեն, որ ռմբակոծությունն իրականացրել են սիրիական բանակն ու Ռուսաստանը, և որ ռուսաստանն այսպես թե այնպես մեղավոր է», - ռուսական НТВ հեռուստաընկերության հետ զրույցում ասել է Լավրովը:

Ռուսաստանի արտգործնախարարը պնդել է նաև, թե վերջին օրերին Միացյալ Նահանգները դադարել է անկողմնակալ լինել սիրիական ճգնաժամի հարցում:

«Վաշինգտոնը միակողմանի խաղ է խաղում՝ ընդ որում, անընդհատ փոխելով դարպասների տեղը», - դժգոհել է Լավրովը՝ հավելելով․ - «Քերրին ամեն անգամ հավաստիացնում է, թե Հալեպը վերահսկող Ջաբհաթ ան-Նուսրան «Իսլամական պետության»-ը համահավասար ահաբեկչական խմբավորում է, դրանով հանդերձ, ամերիկացիները Նուսրային ձեռք չեն տալիս: Սա պարադոքս է, ես արդեն չգիտեմ՝ ում հավատալ, սակայն, ամերիկացիներին հաստատ հարյուր տոկոսով վստահել չեմ կարող»:

Պաշտոնական Վաշինգտոնն էլ իր հերթին է շարունակում խստորեն քննադատել Կրեմլին:

«Ռուսաստանը բարբարոսություն է իրականացնում Սիրիայում, ոչ թե ահաբեկչության դեմ պայքար: Խաղաղությունն առաջ տանելու փոխարեն Ռուսաստանն ու Ասադը պատերազմում են, փոխարենը աջակցեն տեղ հասցնել մարդկանց համար կենսական անհրաժեշտության օգնությունը, Ռուսաստանն ու Ասադը ռմբակոծում են մարդասիրական ավտոշարասյունը, հիվանդանոցները, կամավորներին, որ հուսահատ փորձում են մարդկային կյանքեր փրկել», - նախօրեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հայտարարել է Միացյալ Նահանգների դեսպան Սամանթա Փաուերը:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Եվրամիության արտգործնախարարներն էին միացել Նահանգներին՝ համատեղ հայտարարությամբ քննադատելով Ռուսաստանի գործողությունները Սիրիայում:

«Այսօր Մոսկվան պետք ապացուցի, թե արդյո՞ք պատրաստ է ձեռնարկել դիվանագիտական լրացուցիչ քայլեր, որոնք թույլ կտան վերահաստատել հրադադարը, պայմաններ կստեղծեն մարդասիրական օգնությունը կարիքավորներին հասցնելու համար և հնարավոր կդարձնեն ՄԱԿ-ի միջնորդությամբ Սիրիայում քաղաքական փոփոխությանն ուղղված բանակցությունների վերսկսումը», - հայտարարել էին արևմտյան բարձրաստիճան դիվանագետները:

Փաստելով, որ շաբաթներ առաջ Վաշինգտոնի ու Մոսկվայի միջև ձեռք բերված շրջադարձային համաձայնությունն այլևս չի գործում, երկու կողմն էլ միաժամանակ, պնդում են, թե դեռ վաղ է դրանից հրաժարվել:

Փորձագետները, սակայն, առավել հոռետես են:

«Սեպտեմբերի սկզբին ձեռք բերված համաձայնությունը խոստանում էր դառնալ ցուցիչ՝ Նահանգների ու Ռուսաստանի միջև փոխադարձ վստահության համար, սակայն բուռն, կատաղի մարտերով ուղեկցված շաբաթները ցույց տվեցին, որ կողմերը չեն կարողացել հաղթահարել փոխադարձ անվստահությունն ու անբարյացակամությունը», - գրել է The Wall Street Journal-ը:

Պետքարտուղարության աղբյուրները պարբերականին ասել են, որ անցած շաբաթավերջից Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների արտգործնախարարները չեն շփվել, նոր հանդիպումներ էլ նախատեսված չեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG