Մատչելիության հղումներ

«Էրեբունի-Երևան»-ը այս տարի ավելի համեստ կլինի


Երևանի քաղաքապետարանի շենքը երեկոյան, արխիվ

Երևանի քաղաքապետարանի շենքը երեկոյան, արխիվ

«Էրեբունի-Երևան» տոնակատարությունն այս տարի առավել համեստ կլինի, քաղաքապետարանը Երևանի 2798-րդ տարեդարձը նշելու համար կծախսի նախորդ տարվա համեմատությամբ կրկնակի քիչ՝ 65 միլիոն դրամ: Փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանն այսօր տեղեկացրեց, որ տոնակատարության համար բյուջեով, ինչպես և նախորդ տարի, նախատեսված է եղել 130 միլիոն դրամ, բայց ապրիլյան պատերազմը փոխել է իրավիճակը:

«Կրճատվածն արդեն ուղղվել է ինչպես հաշմանդամ, այնպես էլ վիրավորված ազատամարտիկների, մեր զինվորների ընտանիքներին, սոցիալական օգնություն է հատկացվել: Դու գիտեք, որ նաև նախորդ, այս ապրիլյան դեպքերի հետ կապված՝ չորս զոհվածների ընտանիքների բնակարաններ են նվիրվել, այսինքն՝ սա նույնպես սոցիալական օժանդակություն է․ սա չի մտնում այս բյուջեի մեջ, բայց որպես երևույթ՝ ինքը իսկապես արտառոց երևույթ էր», - ասաց փոխքաղաքապետը:

Ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ միջոցառումները երկուսի փոխարեն կանցկացվեն միայն մեկ օր՝ հոկտեմբերի 8-ին: Այս տարի ավելի քիչ թվով փողոցներ փակ կլինեն՝ երթևեկությունը կդադարեցվի միայն Աբովյան և «Էրեբունի» թանգարանին հարակից Էրեբունի փողոցներում:

Տոնակատարության բյուջեի կրճատման համար, ըստ փոխքաղաքապետի, որոշում է կայացվել չանցկացնել ամենածախսատար երեք միջոցառումները: «Տեղի չեն ունենա սովորաբար տեղի ունեցող՝ Հանրապետության հրապարակում ամենածախսատար միջոցառում համարվող գալա համերգը, քաղաքապետարանի դիմացից մեկնարկող շքերթը, որը Ամիրյան փողոցով գնում էր դեպի Հանրապետության հրապարակ և որտեղ փոքրիկ միջոցառում էր նաև տեղի ունենում կեսօրին, մինչ երեկոյան մեծ գալա համերգը, ինչպես նաև այստեղ՝ Արգիշտի փողոցում տեղի ունեցող, քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցող ծավալուն միջոցառումը, որը նույնպես իրենից ծախսատար միջոցառում էր ներկայացնում», - հայտնեց Արամ Սուքիասյանը:

Երևանի ավագանու ընդդիմադիր «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը դրական է գնահատում տոնակատարության համար նախատեսված ծախսերի կրճատումը, բայց ծախսվող գումարն էլ համաչափ չէ տնտեսության հնարավորություններին, պնդում է նա: «Պատկերացրեք մի ընտանիք, որը չունի իր առօրյա հացի փողը, ասենք, մտածում է թանկարժեք ավտոմեքենա գնելու մասին, նորմալ չէ», - ասաց Սաֆարյանը։

Ընդդիմադիր խմբակցության անդամ Սաֆարյանի կարծիքով, քաղաքապետարանն անցած տարվանից կրճատել է տարբեր ոլորտներում ճոխ ծախսերի մի մասը, բայց Տարոն Մարգարյանի ղեկավարած կառույցը շարունակում է մնալ ուռճացված:

«Օգնականի օգնականի օգնականները, բազմաթիվ, բազմաքանակ խորհրդականները, որոնք չգիտենք՝ ում և ինչ խորհուրդներ են տալիս, լիքը տեղեր կան կրճատելու. քանի անգամ բարձրացրեցինք թանկարժեք հյուրանոցներում մնալ-չմնալու խնդիրը, բիզնես կլասի տոմսերով երթևեկելու խնդիրները, նաև այդ՝ հյուրերին թանկարժեք նվերներ տալու հարցը», - ասաց ընդդիմադիր գործիչը։

Քաղաքապետարանի ներկայացուցիչների փոխանցմամբ, ամենամյա սոցիալական ծրագրերը չեն կրճատվել․ նախատեսվում է աջակցություն ցուցաբերել 2798 ընտանիքների, ինչպես նաև ծերերի, իսկ զինծառայողների՝ 1000-ից ավել ծնողներին հնարավորություն կտրվի այցելել զորամասեր:

Երևանն իր հերթական տարեդարձը տոնելու է «Արևի քաղաք» կարգախոսով: «Լոգոտիպը, որը հայեցակարգի, կարծես, հիմքն է, պատկերված է արևի ճառագայթները խորհրդանշող՝ նարնջագույն, ծիրանագույն և կարմիր գույներով ճառագայթներով», - ասաց քաղաքապետարանի արտաքին ձևավորման վարչության պետ Արազ Բաղդասարյանը։

Երևանի քաղաքապետարանն այս տարի ևս բնակարաններ կնվիրի կարիքավորներին ու մշակույթի գործիչներին:

Քաղաքային իշխանությունները նախորդ տարի «Էրեբունի-Երևան»-ի շրջանակներում բնակարաններ էին նվիրել դերասանուհի Զառա Արամյանին, բանաստեղծ Վահրամ Սահակյանին և երգիչ Դավիթ Ամալյանին՝արժանանալով հանրային մեծ քննադատության։ Ովքե՞ր կարժանանան բնակարանների այս տարի, պարզ կլինի ավագանու առաջիկա նիստում:

XS
SM
MD
LG