Մատչելիության հղումներ

Սիրիայում հրադադարն արդեն մեկ շաբաթ է չի գործում


Սիրիա - Հալեպի՝ ապստամբների վերահսկողության տակ գտնվող ալ-Քաթերջի արվարձանը օդուժի կողմից ռմբակոծությունից հետո, 25-ը սեպտեմբերի, 2016թ․

Սիրիա - Հալեպի՝ ապստամբների վերահսկողության տակ գտնվող ալ-Քաթերջի արվարձանը օդուժի կողմից ռմբակոծությունից հետո, 25-ը սեպտեմբերի, 2016թ․

Արդեն մեկ շաբաթ է՝ Սիրիայում կրկին պայթյուններ, կրակոցներ են հնչում, զոհվում են հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում:

Հինգ տարուց ավելի ճգնաժամի մեջ գտնվող երկրում սեպտեմբերի սկզբին հրադադար նախաձեռնած Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը միմյանց են մեղադրում դրա խախտման համար:

ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերը Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողություններն անվանել է «բարբարոսություն»: Դրա հետ մեկտեղ, երեկ Նյու Յորքում Սիրիայի հարցով Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի պահանջով կայացած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստին ԱՄՆ դեսպանը հայտարարել է, որ առանց Ռուսաստանի ջանքերի սիրիական հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել:

Կիրակի օրը Սիրիայի կառավարական զորքերի ավիացիան ռմբակոծել է Հալեպի հյուսիսային շրջանները: Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրան հայտարարել է, որ այդ ռմբակոծության հետևանքով սպանվել են տասնյակ կանայք և երեխաներ: Իրավիճակը Հալեպում Միստուրան անվանել է «գիշերային մղձավանջ»:

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինն էլ, իր հերթին, հայտարարել է, որ հրադադարի վերականգնումը Սիրիայում գրեթե անհնար է, և հավելել է, թե Ռուսաստանը կրակը դադարեցնելու համար միակողմանի քայլերի չի դիմի:

Հիշեցնենք՝ շուրջ մեկ շաբաթ տևած հրադադարը, որը հնարավոր էր դարձել Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև ձեռք բերված համաձայնության շնորհիվ, խախտվել է սեպտեմբերի 19-ին և մինչ օրս չի վերականգնվել:

Մոսկվայի հասցեին խիստ քննադատությամբ երեկ հանդես է եկել նաև Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը: Նա Ռուսաստանին մեղադրել է Սիրիայում պատերազմը ձգձգելու մեջ:

«Պուտինի ռեժիմը ոչ միայն ատրճանակն է տալիս Ասադին, այլ նաև որոշ դեպքերում ինքն է կրակում», - BBC-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը՝ Ռուսաստանը կոչելով «Պուտինի ռեժիմ»: Ջոնսոնը հավելել է, որ Սիրիայում մարդասիրական ավտոշարասյան վրա հարձակումը, որը բրիտանացի դիվանագետը ռազմական հանցագործություն է համարում, կարող էր իրականացրած լինել Ռուսաստանը:

XS
SM
MD
LG