Մատչելիության հղումներ

«Գյումրու օրը» կնշվի տոնական միջոցառումներով, կանցկացվի միջազգային ռոք փառատոն


Գյումրու «Սև ամրոց» համալիրը, լուսանկարը՝ www.gyumricity.am կայքի

Գյումրու «Սև ամրոց» համալիրը, լուսանկարը՝ www.gyumricity.am կայքի

Սեպտեմբերի 25-ին Գյումրու օրվա հետ կապված տոնական միջոցառումների շրջանակում այսօր «Սև ամրոց» համալիրում կանցկացվի «Գյումրի ռոք-ֆեստ 2016» միջազգային փառատոնը՝ նվիրված Անկախության 25-ամյակին և «Գյումրու օր» տոնակատարությանը։

Քաղաքի կենտրոնական՝ Վարդանանց հրապարակում երեկոյան նախատեսվում է Տոնական համերգ և տոնական հրավառություն։ Քաղաքապետարանի կայքում տեղադրված հաղորդագրությունում նշվում է, որ տոնական համերգի մուտքն ազատ է։

Մի շարք այլ միջոցառումներ էլ նախատեսված են Գյումրու զբոսայգիներում, պուրակներում և այլ հրապարակներում։

Գյումրու օրվա կապակցությամբ այսօր շնորհավորական հաղորդագրություն է տարածել քաղաքապետ Սամվել Բալասանյանը։

«Գյումրին այլևս վեր հառնող, պայքարող ու վերածնվող քաղաք է, որն օր-օրի ծաղկելով վերածվում է ավելի գեղեցիկ ու հարմարավետ քաղաքի: Դանդաղ բայց հաստատուն քայլերով առաջ ընթանալու մեր անկոտրում կամքի շնորհիվ այսօր շարունակվում է կիսակառույց շենքերի վերականգնումը, նորոգվում ու բարեկարգվում են գլխավոր ու թաղային նշանակության փողոցներ, լուսավորվում են թաղամասեր, վերականգնվում պատմամշակութային արժեքներ: Նաև սպորտային հարուստ ավանդույթներով հայտնի մեր քաղաքն այսօր էլ շարունակում է բարի ավանդույթների ընթացքը, նորանոր չեմպիոններ ու մրցանակակիրներ տալով ոչ միայն հանրապետության, աշխարհի ու եվրոպայի առաջնություններում, այլ նաև՝ Օլիմպիական խաղերում», - իր հաղորդագրությունում նշել է քաղաքապետը, վստահություն հայտնելով, որ «գյումրեցու անսասան կամքը, հավատը և արարելու մեծ ձգտումը կօգնի մեզ բոլորիս՝ միասին հաղթահարելու բոլոր դժվարությունները, իսկ տանտիրոջ հոգատարությամբ ու սրտացավությամբ ունեցած մեր վերաբերմունքը միտված կլինի միայն քաղաքն ավելի գեղեցկացնելուն, նրան նոր շունչ հաղորդելուն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG