Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հետ


Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանին մասնակցող արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 24-ին հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հետ:

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հրապարակած հաղորդագրության համաձայն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը երախտագիտություն է հայտնել իր պաշտոնավարման ընթացքում կազմակերպության աշխատանքներին Հայաստանի ակտիվ մասնակցության համար և ընդգծել, որ Հայաստանի դիվանագիտությունը շատ տեսանելի և կառուցողական դերակատարություն է ծավալել միջազգային ասպարեզում, ոչ միայն իր առաջնայնությունների առումով, այլև ՄԱԿ-ի առջև ծառացած խնդիրների լուծման նպատակով։

Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանում բարձր են գնահատում գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հետ արդյունավետ համագործակցությունը, ու շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա առաջնորդության, նախաձեռնությունների և գործադրած ջանքերի համար՝ ուղղված ՄԱԿ-ի կանոնադրության արժեքների, նպատակների ու սկզբունքների առաջ մղմանը։

Զրուցակիցները քննարկել են ՄԱԿ-ի օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։

Բան Կի-մունը Էդվարդ Նալբանդյանին հանձնել է իր հեղինակած գիրքը, որում ամփոփված է վերջին տաս տարիներին Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա գործունեությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG