Մատչելիության հղումներ

Գյուլենը մեղադրում է Էրդողանին հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ


Ֆեթուլլահ Գյուլեն, արխիվ

Ֆեթուլլահ Գյուլեն, արխիվ

ԱՄՆ-ում բնակվող մահմեդական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին մեղադրել է երկրում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ:

Գերմանական և իսպանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, Գյուլենը պնդել է, թե նախագահ Էրդողանը դեռ տարիներ առաջ էր ծրագրել հեղաշրջման փորձը, պարզապես հարմար պահի էր սպասում: Գյուլենի խոսքով, վերջին օրերին ի հայտ եկած մի շարք փաստեր ապացուցում են իր պնդումը:

Գյուլենի համոզմամբ, Թուրքիայի նախագահը հեղաշրջման փորձն օգտագործել է՝ իր համար անցանկալի մարդկանց պաշտոնանկ անելու և կալանավորելու նպատակով` այդպիսով ուժեղացնելով սեփական իշխանությունը:

Անդրադառնալով իր երբեմի գաղափարակից Էրդողանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառներին` Գյուլենն ասել է. - «Էրդողանը հույս ուներ, որ իրեն հռչակելու էինք բոլոր մուսուլմանների առաջնորդ և աշխարհով մեկ աշխատելու էինք այդ ուղղությամբ: Տեսնելով, որ դա չի իրականանում, մեր դեմ դուրս եկավ»:

Թուրքական իշխանությունների պնդմամբ, հուլիսյան հեղաշրջման փորձը նախաձեռնած Ֆեթուլլահ Գյուլենը, ով 1999 թվականից ի վեր բնակվում է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում, լրագրողներին ասել է, որ չի վախենում արտահանձնումից: Նա ամերիկյան իշխանություններին երախտագիտություն է հայտնել հյուրընկալության համար և նշել, որ նահանգներում կմնա այնքան ժամանակ, որքան հնարավոր լինի:

Գյուլենը կրկին հերքել է իրեն հասցեագրվող մեղադրանքները և խոստացել Թուրքիա վերադառնալ այն դեպքում, եթե միջազգային հանձնաժողովի հետաքննության արդյունքում ապացուցվի իր մեղքը:

«Հեղաշրջման փորձը նախաձեռնելու վերաբերյալ մեղադրանքները պետք է ապացուցվեն: Եթե Միացյալ Նահանգները որոշի ինձ արտահանձնել, ապա ես կվերադառնամ Թուրքիա», - ասել է իսլամական գործիչը՝ հավելելով, որ կարոտում է հայրենիքը և կցանկանա, որ մահից հետո իր աճյունը ամփոփվի Թուրքիայում:

XS
SM
MD
LG