Մատչելիության հղումներ

«Սասնա ծռեր»-ի մի խումբ անդամներ կշարունակեն մնալ ճաղերի հետևում


«Սասնա ծռեր»-ը՝ ՊՊԾ գնդի տարածքում, 22-ը հուլիսի, 2016թ.

«Սասնա ծռեր»-ը՝ ՊՊԾ գնդի տարածքում, 22-ը հուլիսի, 2016թ.

Ամռանը Երևանում ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր»-ի մի խումբ անդամներ դատարանի որոշմամբ կշարունակեն մնալ կալանքի տակ։

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր շարունակեց մեկը մյուսի հետևից բավարարել նախաքննական մարմնի` Արամ Մանուկյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Հովհաննես Վարդանյանի, Մխիթար Ավետիսյանի խափանման միջոց կալանքը երկու ամսով երկարաձգելու միջնորդությունները։

Երկու ամսով երկարաձգվեց նաև Սարի թաղում հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի կալանքը։

«Ոտքի, Հայաստան» շարժման անդամի փաստաբան Կարեն Մեժլումյանի փոխանցմամբ, դատարանը մերժել է նաև գրավը որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառելու իրենց միջնորդությունը։

«Ես, ճիշտն ասած, այլ սպասումներ ունեի, որովհետև երեկվա պրոցեսն ակնհայտորեն ցույց տվեց, որ գործը սարքված է՝ սուտ ցուցմունքների հիման վրա, էլ չեմ ասում այն մասին, որ կալանքի տակ պահելու կամ ժամկետը երկարացնելու որևէ հիմնավորում դատարանը չբերեց, այդպես էլ քննիչը որևէ նման նյութ չնշեց, թեև այդ հարցերն ուղղակի առաջադրվել էին իրեն», - ասաց Մեժլումյանը։

Զինված խմբի անդամ Արեգ Կյուրեղյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը պատմեց, որ նիստի ընթացքում իր պաշտպանյալը ոտքի չի կանգնել, դատարանը նրա նկատմամբ նախազգուշացման սանկցիա է կիրառել։

Կյուրեղյանը միջնորդության վերաբերյալ որևէ դիրքորոշում չի հայտնել, միայն վերջում հայտարարությամբ է հանդես եկել. - «Նա ասաց, որ այն, ինչ իրենք արել են, արել են բաց և պարզ, արել են երկիրն ազատագրելու համար և եթե դատարանը պետք է դատի իրենց, թող դատի, ինքը խնդիր չի տեսնում», - ասաց Շուշանյանը։

Դատարանի բակում այսօր հավաքվել էին կալանավորների ընկերներ, հարազատներ, ինչպես նաև այլ ակտիվիստներ։

«Ազատության» հետ զրույցում «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանը ասաց, որ իրենք այլ որոշումներ դատարանի կողմից չէին սպասում։ Անդրադառնալով Անդրիաս Ղուկասյանի կալանքի երկարաձգմանը՝ հավելեց. - «Ներկա վարչախումը շարունակում է վրեժ լուծել նրանից՝ իր որոշ դիրքորոշումների պատճառով»։

Հիշեցնենք, Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավման ընթացքում մահացել է 3 ոստիկան։ Զինված խմբի անդամների մի մասը մեղադրվում է պատանդ վերցնելու և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու, կրելու և փոխադրելու, մյուս մասը՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու, կրելու, փոխադրելու և շենք շինություններ զավթելու հոդվածներով։

XS
SM
MD
LG