Մատչելիության հղումներ

«Եռանախագահները հռչակել են հիմնախնդրի լուծման բանաձևը՝ քվեաթերթիկներ փամփուշտների փոխարեն»


Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանում՝ խոսելով ղարաբաղյան հակամարտության, թուրքիայի ժխտողականության, սիրիական պատերազմի հետևանքների ու նաև Հայաստանումսահմանադրական փոփոխությունների մասին:

Նշելով, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը ամրագրված է հիմնարար փաստաթղթերով՝ Նալբանդյանը հիշեցրել է՝ Ադրբեջանը համառորեն հրաժարվում է ճանաչել Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, 1980-ականների վերջին և 90-ականների սկզբին ագրեսիա է սանձազերծել և էթնիկ զտումներ իրագործել հայերի նկատմամբ:

«Այս տարի ևս, ապրիլի սկզբին Ադրբեջանը, կոպտորեն խախտելով հրադադարի համաձայնագիրը, նոր լայնածավալ ագրեսիա սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ՝ առանց խտրականության թիրախավորելով քաղաքացիական կառույցները և բնակչությանը: Զոհերի թվում էին 12-ամյա մի տղա և 92-ամյա կին: Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի երեք զինծառայողներ ԴԱԵՇ-ին բնորոշ ոճով գլխատվել էին, ապա ցուցադրվել ադրբեջանական քաղաքներում և գյուղերում, հրապարակվել սոցիալական ցանցերում: Ավելին, Ադրբեջանի ղեկավարը հրապարակայնորեն պարգևատրեց այդ հանցագործությունները կատարողներին», - հայտարարել է Նալբանդյանը։

Ապրիլյան ագրեսիան լուրջ վնաս է հասցրել խաղաղ գործընթացին, ՄԱԿ-ի ամբիոնից հայտնել է արտգործնախարարի պաշտոնակատարը՝ շարունակելով՝ հակամարտության խաղաղ կարգավորման հանդեպ վստահության վերականգման համար անհրաժեշտ է ձեռնարկել միջոցներ, որոնք կկանխեն ուժի կիրառումը և խաղաղ գործընթացի առաջմղմանը նպաստող պայմաններ կստեղծեն:

Իր ելույթում տեղեկացնելով Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ղարաբաղյան հակամարտության հարցով կայացած հանդիպումների մասին, Նալբանդյանը շեշտել է՝ Հայաստանը միջնորդ պետությունների հետ համատեղ շարունակելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը:

«Եռանախագահները հռչակել են հիմնախնդրի հանգուցալուծման քաղաքակիրթ բանաձևը՝ քվեաթերթիկներ փամփուշտների փոխարեն: Համանախագահ երկրների նախագահների կողմից ներկայացված առաջարկությունն ամրագրում է Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա որոշումը` նրա բնակչության իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտման միջոցով: Միջնադարյան բարբարոսության մտածելակերպով առաջնորդվողները, ինչը դրսևորվեց ապրիլին, հազիվ թե կարողանան ընդունել ժամանակակից աշխարհի քաղաքակիրթ մոտեցումները», - ասել է Նալբանդյանը:

Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարն անդրադարձել է նաև ԴԱԵՇ ահաբեկչական կազմակերպության կողմից սպառնալիքին՝ և սիրիական պատերազմի ավերիչ հետևանքներին՝ հիշեցնելով, որ բռնությունները չեն շրջանցել նաև սիրիահայերին։

«Հարյուր տարի առաջ Հայոց ցեղասպանության հետևանքով հայ փախստականները ապաստան գտան բազմաթիվ արաբական երկրներում: Այսօր հազարավոր հայեր, Մերձավոր Արևելքի այլ ժողովուրդների հետ միասին, կրկին հարկադրված են լքել իրենց բնակության վայրերը: Միայն Սիրիայից ավելի քան քսան հազար հայ է ապաստան գտել Հայաստանում: Ուստի, մենք գիտենք, թե ինչ է նշանակում՝ լինել փախստական և ապաստան տալ փախստականներին: Հայաստանի Կառավարությունը նշանակալի ջանքեր է գործադրում փախստականներին աջակցելու և նրանց ինտեգրումը դյուրացնելու ուղղությամբ», - ասել է Նալբանդյանը ՝ ընդգծելով. - «Որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած ազգ, որը շարունակում է առերեսվել այդ ոճրագործության ժխտողականությանը՝ Հայաստանը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը` պայքարելու ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործության անպատժելիության դեմ»:

Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարն անդրադարձել է նաև Հայաստանում սահմանադրական փոփոխություններին։ «Անցյալ դեկտեմբերին հասարակական լայն քննարկումների համընդգրկուն գործընթացին հաջորդած հանրաքվեի միջոցով հավանություն տրվեց սահմանադրական բարեփոխմանը, որի նպատակը նոր և կատարելագործված կառավարման համակարգի ստեղծումն է՝ առավել բարձր թափանցիկությամբ և հաշվետվողականությամբ: Այն ողջունվեց միջազգային համապատասխան կառույցների կողմից», - ասել է Նալբանդյանը։

Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարը անկախության 25 տարիների ընթացքում ունեցած ձեռբերումներն ու առկա մարտահրավերները թվելով՝ ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է ակտիվորեն աշխատել ՄԱԿ-ի մարդու իրավունքների բոլոր մեխանիզմների, ներառյալ՝ հատուկ ընթացակարգերի ու պայմանագրային մարմինների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG