Մատչելիության հղումներ

Սյունիքի մարզում ականազերծվել է մոտ 10 հազար քմ ականապատ տարածք


Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Զինված ուժերի խաղաղապահ ինժեներասակրավորային գումարտակն այս տարվա ընթացքում ձեռքով ակազերծման մեթոդով Սյունիքի մարզում ականազերծել է մոտ 10 հազար քառակուսի մետր ականապատ տարածք։

Ըստ նախարարության, կատարված աշխատանքների որակի վերահսկողությունն իրականացրել են «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության օպերացիոն բաժնի աշխատակիցները։

«Զուգահեռաբար, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել է վտանգավոր տարածքների նշագրման աշխատանքները։ Այդ աշխատանքների արդյունքում, Սյունիքում նախազգուշացնող վահանակներով և ժապավեններով արգելափակվել է 49 վտանգավոր տարածք, տեղադրվել է 883 վահանակ և 19 հազար690 գծամետր ժապավեն։ Նշագրման նպատակն է կանխարգելել մարդկանց մուտքը վտանգավոր տարածքներ, ինչպես նաև իրազեկել ականի պատճառած վտանգի մասին», - ասված է հաղորդագրությունում։

Հայաստանի ռազմական գերատեսչությունը հիշեցնում է. - «Նշագրված արգելափակված տարածքներ մուտք գործելը կամ զգուշացնող վահանակները և ժապավենները ոչնչացնելն ու տեղահանելը կարող են ձեր և ձեր մտերիմների խեղման կամ մահվան ակամա պատճառը դառնալ։ Տեղեկացված լինելուն զուգահեռ պահպանենք անվտանգության կանոններն ու խուսափենք վտանգներից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG