Մատչելիության հղումներ

Խորհրդային տարիներից այցելուներին հայտնի Կառավարության երկրորդ շենքում գործող գրախանութից հաճախորդներն այսօր ոչ թե գնում էին կատարում, այլ հետաքրքրվում՝ ինչու են գրքերն արկղերում, խանութն էլ՝ փակ։ «Նոյան տապանը» տեղափոխվում է։

Գրախանութի տնօրեն Ֆրիկ Մկրտչյանն ափսոսանք է հայտնում, որ երևանցիներին ու հյուրերին հայտնի հասցեում էլ գրախանութ չի լինի, սակայն շեշտում է՝ մոտ երկու ամսից նոր հասցե կունենան։

«Գրատունը չի փակվել և չի էլ փակվելու: Ուղղակի մենք տեղափոխվելու ենք այլ տարածք», - նշեց Մկրտչյանը:

Արտաքին գործերի նախարարության շենքի հարկաբաժնում տեղակայված տարածքը խանութը սկզբում վարձակալել է, հետո սեփականաշնորհել։ Սակայն կառավարական շենքի վաճառքից հետո արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի «Տանգո» ընկերությունը գնել է նաև գրախանութի տարածքը։

Գրող Արամ Պաչյանը երեկ է տեղեկացել, որ «Նոյան տապանը» փակվում է։ Ափսոսում է։

«Էլ ինչո՞վ է կարևորվում վայրը՝ երբ ինչ-որ ավանդույթ է ունենում, արժեք է ունենում, պատմություն է ունենում», - ասում է գրողը:

Պաչյանի կարծիքով, Կառավարության շենքում գրախանութ ունենալը յուրահատուկ ոգեղենություն էր հաղորդում վայրին։ Շենքն այլևս կառավարական չէ, գրախանութն էլ՝ ավելորդություն են համարել։

«Նոյան տապան» գրախանութի տնօրենն ասաց՝ փորձում են խանութի համար նոր տարածք փնտրել Աբովյան փողոցում։

Հին տարածքը պարտավորվել են ազատել մինչև սեպտեմբերի 27-ը։

XS
SM
MD
LG