Մատչելիության հղումներ

logo-print

Դատարանը քննում է Անդրիաս Ղուկասյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը


Երրորդ ժամն է՝ դատարանը քննում է իրավապահների միջնորդությունը՝ երկու ամսով երկարաձգել Անդրիաս Ղուկասյանի կալանավորումը:

Հուլիսի 29-ից ճաղերի հետևում հայտնված ընդդիմադիր գործչին դատարանի դահլիճում մի քանի վայրկյան կարողացան տեսնել կինն ու անչափահաս դուստրը։ «Սա առաջին անգամն է երկու ամսվա մեջ, որ կարողացանք տեսնել Անդրիասին։ Իհարկե շատ-շատ նիհարած է, բայց տրամադրությունը լավ էր, մեր տրամադրությունն էլ է շատ լավ», - «Ազատության» հետ զրույցում ասաց նրա կինը՝ Անահիտ Թարխանյանը։

Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա արգելք է դրված՝ չնայած փաստաբանի միջնորդություններին։

«Երեխային ինչո՞ւ են մերժում, ի՞նչ կարող է երեխան անի, ինչո՞վ կարող է խանգարի քննությանը», - ասաց կինը։

Փաստաբան Կարեն Մեժլումյանը պնդում է՝ Անդրիասին ևս երկու ամիս կալանավայրում պահելու այս միջնորդությունն ապօրինի է, քննչական մարմինը գոնե մի հիմնավորում չի ներկայացնում։ «Պետք է նշվեր, որ գործի նյութերում առկա են որոշակի ապացույցներ, փաստական տվյալներ, որ այդ գործողությունները կարող է կատարել, օրինակ, կարող է իր դեմ ցուցմունք տված ոստիկանների նկատմամբ ճնշումներ գործադրի, կարող է փախնել, օրինակ, նման տվյալների մասին նշում չկա, ակնարկ չկա, հետևաբար ապօրինի է», - ասաց փաստաբանը։

Նույն մեղադրանքով կալանավորված «Ժառանգություն» կուսակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանը և Դավիթ Սանասարյանը գրավի դիմաց ազատ արձակվեցին, մինչդեռ Անդրիաս Ղուկասյանի դեպքում ազատազրկումը երկարաձգելու միջնորդություն է դատարան բերվել։ «Անդրիաս Ղուկասյանը իրականում որպես քաղբանտարկյալ է պահվում», - ասաց Մեժլումյանը։

Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանը հիշեցնում է՝ ամուսինը կալանավորված է բացառապես ոստիկանական ցուցմունքների հիմա վրա։ «Իսկ մնացածների ցուցմունքները չեն ուզում՝ ո՛չ վերցնում են, ո՛չ լսում են, իհարկե այսօր ես համոզված եմ, որ երկարաձգելու են կալանավորումը», - ասաց Թարխանյանը։

Դատարանի որոշումն, ամենայն հավանականությամբ, կհրապարակվի մինչև կեսգիշեր։

XS
SM
MD
LG