Մատչելիության հղումներ

Արծվիկ Մինասյանը թողնում է էկոնոմիկայի նախարարի պաշտոնը


Արծվիկ Մինասյան
Արծվիկ Մինասյան

Դաշնակցական Արծվիկ Մինասյանը թողնելու է էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, և հնարավոր է՝ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունում գլխավորի այլ նախարարություն, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Մինասյանը՝ միաժամանակ չհստակեցնելով, թե ինչ նոր նախարարություն կամ գուցե պետական այլ գերատեսչություն կարող է ղեկավարել:

«Այո, եղել է առաջարկ տարբեր ուղղություններով, ես, որպես Հայ հեղափոխական դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության կողմից առաջադրված թեկնածու, բնականաբար, այդ առաջարկությունը քննարկման առարկա եմ ակնկալում դարձնել կուսակցության Գերագույն մարմնում, որից հետո նոր մեր մոտեցումը կներկայացնենք», - հայտարարեց Մինասյանը։

Թե ինչո՞ւ է թողնում պաշտոնը, Արծվիկ Մինասյանն այսպես բացատրեց․ - «Եթե կառավարության երեկվա հավանությանն արժանացած օրենքի նախագիծն ընդունվում է, ակնհայտ է, որ էկոնոմիկայի նախարարությունը չի լինում և, հետևաբար, անկախ նրանից ցանկանում եք, թե՝ ոչ, ինչը իմ, որպես էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարի համար, ես երեկ էլ եմ ասել, ընդունելի չէ, էկոնոմիկա բառը հանել նախարարության անվանման միջից, և ասել եմ երեկ այն, ինչ-որ ասել եմ»։

Երեկ կառավարության նիստում հավանության արժանացավ վարչապետ Կարեն Կարապետյանի առաջարկը՝ էկոնոմիկայի նախարարությունից դուրս բերել մի շարք կառույցներ, իսկ գերատեսչությունն էլ վերանվանել ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության նախարարություն:

«Այո, պարոն վարչապետը նոր դիրքում, նոր խնդիրների մասով այլ անձի տեսնելու ցանկություն է հայտնել», - ասաց Մինասյանը։

ՀՅԴ ներկայացուցիչը հավելեց՝ իրենց նպատակը ոչ թե ամեն գնով որևէ պաշտոնին մնալն է, այլ՝ Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) հետ այս փետրվարին կնքված կոալիցիոն համաձայնագրի իրականացումը:

«Հրաժարական տալու խնդիր չկա, որովհետև մենք ներկայումս ժամանակավոր զբաղեցնում ենք այս պաշտոնը, որպես պաշտոնակատարներ ենք, և ըստ Սահմանադրության, ըստ օրենքի, կառավարության կազմավորումը ենթադրում է հանրապետության նախագահի հրամանագիր՝ վարչապետի առաջարկությամբ, որից հետո նոր կհամարվի, որ նախարարը նշանակված է, թե՝ ոչ։ Այս պահին ես պաշտոնակատար եմ էկոնոմիկայի նախարարի, շարունակելու եմ այնքան ժամանակ քանի դեռ չի եղել նոր հրամանագիր», - ասաց Մինասյանը։

Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության միայն երկու նիստ է վարել, բայց երկուսի ժամանակ էլ հրապարակային բանավեճ է ծավալվել Արծվիկ Մինասյանի հետ:

Առաջին նիստում վարչապետն ասաց, թե չի հավատում դաշնակցական նախարարի ներկայացրած տվյալներին, ինչին կտրուկ արձագանքեց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը. - «Զերծ մնանք ընդհանրապես շոուների տրամաբանությանը համապատասխանող, ինչ-որ տպավորություն ստեղծող քայլերից, որոնք շատ կարճաժամկետ կյանք կարող են ունենալ»։

Գործադիրի երկրորդ նիստում վարչապետին հակադարձեց արդեն անձամբ Մինասյանը՝ հայտարարելով, որ դեմ է էկոնոմիկայի նախարարության ձևափոխմանը:

Սակայն այսօր Արծվիկ Մինասյանը կարծես՝ ավելի մեղմ էր տրամադրված, անգամ ասաց, որ ամենևին չի կարծում, որ Կարեն Կարապետյանը շոուներով է զբաղված:

«Ինչ վերաբերում է իմ և պարոն վարչապետի հարաբերություններին՝ չկա որևէ լարվածություն, չի եղել որևէ կոնֆլիկտ, ես անկեղծորեն եմ ասում, նույնիսկ Ազգային ժողովում հանդիպման ժամանակ էլ եմ լրագրողներին ասել, ես իսկապես շնորհակալ եմ, որ վարչապետն ունի հստակ տեսակետ՝ բիզնես հանրության, բիզնես հատվածն առավել թեթևացնելու բեռը, ավելի բյուրոկրատիան և չինովնիկությունը նվազեցնելու, և սա կարևոր ուղղորդում է, ուղղություն է, որպեսզի մեր պետական կառավարման համակարգը շարժվի այդ ուղղությամբ», - հայտարարեց Մինասյանը։

Երբ Կարեն Կարապետյանը 2011 թվականին Երևանի քաղաքապետն էր, Արծվիկ Մինասյանը հայտարարել էր, որ Կարապետյանը լավ մենեջեր է, բայց՝ վատ քաղաքական գործիչ:

Հարցին, թե այժմ նույնպե՞ս այդ կարծիքին է, Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը պատասխանեց. - «Հայտարարությունն արվել է այն ժամանակ, երբ պարոն Կարապետյանը քաղաքապետ էր և արվել է այն ժամանակ»։

Ինչևէ, դաշնակցական գործիչը որոշեց բավականին լավատեսական նոտայով ավարտել, ասուլիսը. - «Հեռանկարում ես տեսնում եմ Հայաստանն առնվազն 5 միլիոնանոց, և յուրաքանչյուր քաղաքացու համախառն ներքին արդյունքի հաշվարկով բաժին ընկնող եկամուտը Արևելյան Եվրոպայի երկրների եկամուտին համարժեք»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG