Մատչելիության հղումներ

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը Նյու Յորքում նախագահել է ՀԱՊԿ նախարարների հանդիպումը


ՀԱՊԿ լոգոն
ՀԱՊԿ լոգոն

Երեկ Նյու Յորքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտգործնախարարների խորհրդի նախագահ, Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ տեղի է ունեցել կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպումը։

Քննարկվել են ՄԱԿ Գլխավոր ասամբելայի 71-րդ նստաշրջանի օրակարգին վերաբերող հարցեր, ՀԱՊԿ անդամ երկրների առաջնահերթությունները, համատեղ ձեռնակվելիք քայլերը։

Նախարարները մտքեր են փոխանակել ՀԱՊԿ գործունեությանն առնչվող հարցերի լայն շրջանակի, ներառյալ` արտաքին քաղաքականության համադրման, միջազգային կառույցներում համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի, ինչպես նաև հրատապ միջազգային հիմնախնդիրների և դրանց կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ: Քննարկվել են հոկտեմբերին Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի և ՀԱՊԿ մյուս կանոնադրական մարմինների նիստերի նախապատրաստական աշխատանքները։

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքի հեղինակավոր քաղաքագիտական կենտրոններից մեկում՝ Արտաքին հարաբերությունների խորհրդում, հանդիպում է ունեցել ամերիկյան առաջատար վերլուծաբանների հետ։

Հանդիպումը վարել է ականավոր վերլուծաբան դեսպան Սթիվըն Սեստանովիչը։ Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունները, տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, հանգամանալից անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին՝ Ադրբեջանի ապակառուցողական գործողությունների և պայմանավորվածություններից մշտապես հետ կանգնելու հետևանքով ստեղծված իրավիճակին, փոխանցում է արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանել է միջազգային և տարածաշրջանային հիմնախնդիրների շուրջ ներկաների բազմաթիվ հարցերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG