Մատչելիության հղումներ

Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպել է Մոգերինիի հետ


Էդվարդ Նալբանդյան և Ֆեդերիկա Մոգերինի, արխիվ

Էդվարդ Նալբանդյան և Ֆեդերիկա Մոգերինի, արխիվ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հինգշաբթի օրը հանդիպել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:

ԵՄ բարձր ներկայացուցիչը շնորհավորել է Նալբանդյանին Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ՝ ընդգծելով, որ Եվրոպական միությունը շարունակելու է սատարել Հայաստանում ընթացող բարեփոխումներին։

Մոգերինին ողջունել է նոր Ընտրական օրենսգրքի շուրջ Հայաստանի իշխանությունների և խորհրդարանական ընդդիմության միջև ձեռք բերված պայմանավորվածությունը՝ նշելով, որ դա հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կարևոր քայլ էր։

Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Եվրամիության կողմից Հայաստանին տարիներ շարունակ ցուցաբերվող օժանդակության համար։

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են սեպտեմբերի 19-ին Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի միջանկյալ բանակցություններին՝ երկուստեք գոհունակություն հայտնելով դրանց արդյունավետ ընթացքի կապակցությամբ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել քաղաքական երկխոսության, ոլորտային համագործակցության և առևտրային հարցերի ուղղություններով ընթացող բանակցությունների շուրջ։ Կարևորվել է հոկտեմբերի վերջին Երևանում նախատեսված բանակցությունների հաջորդ փուլի անցկացումը՝ նպատակ ունենալով գործընթացն ավարտել մոտ ապագայում։

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից նախաձեռնված Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ընդգծելով, որ մինչ օրս Ադրբեջանը հրաժարվում է կյանքի կոչել դրանք: Ֆեդերիկա Մոգերինին վերահաստատել է Եվրոպական միության լիակատար աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների կողմից հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին։

Նույն օրը Նալբանդյանը հանդիպել է Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեի հետ: Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի` սեպտեմբերի 5-ին Հայաստան կատարած այցելության ընթացքում երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը, հայ-վրացական օրակարգի բազմաթիվ հարցերի։

Կոսովոյի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էնվեր Հոջայի հետ հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ թեև Հայաստանը չի ճանաչել Կոսովոն, սակայն նման կարգի հանդիպումներն օգտակար են մտքերի և տեղեկատվության փոխանակման համար։

Էնվեր Հոջան ներկայացրել է միջազգային բեմահարթակում, մասնավորապես Եվրոպական միության հետ համագործակցությանն ուղղված Կոսովոյի ջանքերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG