Մատչելիության հղումներ

Սկանդալ Բաթումիում թուրքական նորաբաց դպրոցի շուրջ


Վրաստան - Տեսարան Բաթումիից, արխիվ

Վրաստան - Տեսարան Բաթումիից, արխիվ

Վրաստանում հերթական սկանդալն է հասունանում թուրքական դպրոցների շուրջ: Շաբաթասկզբին հայտնի է դարձել, որ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ Բաթումիում թուրքական կրթօջախ է բացվել՝ առանց վրացական կողմին տեղյակ պահելու և շինարարության թույլտվություն ստանալու:

Աղմկահարույց միջադեպին ստիպված է եղել արձագանքել Բաթումիում Թուրքիայի հյուպատոսը; Յասին Թեմիզխանը հատուկ զրույցի է հրավիրել լրագրողներին՝ հավաստիացնելով, թե դպրոցի բացումը, որին ներկա են եղել բացառապես թուրքական կողմի ներկայացուցիչները, ամենևին էլ պաշտոնական չի եղել:

«Անկարան մտադիր է բազմապատկել արտերկրում թուրքական դպրոցների թիվը», - ասել է թուրք դիվանագետը՝ միաժամանակ ընդունելով, որ այս մեկի շինարարության հետ կապված դեռ չուծված հարցեր կան: «Դպրոցում 24 դասարան կա, 25 ուսուցիչ ու 170 աշակերտ, մենք բազմաթիվ երկրներում ունենք դպրոցներ, որոնք ենթարկվում են Թուրքիայի կրթության նախարարությանը, և որոշել ենք ավելացնել դրանց թիվն արտերկրում: Ուզում եմ ընդգծել՝ թուրք-վրացական հարաբերությունները բոլոր ուղղություններով ամրապնդվում են, և մենք ուզում ենք, որ դա տեղի ունենա նաև կրթության ոլորտում», - ասել է Բաթումիում Թուրքիայի հյուպատոսը, հավաստիացնելով՝ թուրքական դպրոցի աշակերտները տիրապետելու են նաև վրացերենին, Վրաստանի պատմությանն ու մշակույթին:

Վրաստանի կրթության նախարար Ալեքսանդր Ջեջելավան, մինչդեռ, չի թաքցրել դժգոհությունը: «Մենք ենթադրում էինք, որ դպրոցը պետք է համապատասխանեցվի Վրաստանի օրենսդրությանը և դառնա լիարժեք կրթական հաստատություն: Այո, մենք շատ բարեկամական ու լավ հարաբերություններ ունենք Թուրքիայի դիվանագիտական կորպուսի հետ, և կարծում եմ՝ կհաղթահարենք այս դժվարությունները: Սակայն այն, որ դպրոցը կառուցվել է առանց համապատասխան թույլտվության, կտրականապես անընդունելի է: Եվ հիմա Աջարիայի կառավարությունը իրավասու է համապատասխան քայլեր ձեռնարկել՝ օրենքի շրջանակներում», - հայտարարել է Վրաստանի կրթության նախարարը:

Աջարիայի տեղական իշխանությունները մի քանի անգամ արդեն տուգանել են թուրքական դպրոցի շինարարությունն իրականացնող կազմակերպությանը՝ ապօրինի կառուցապատման համար, ինչին, ըստ օրենքի, արդեն պետք է հետևի ապամոնտաժումը: Կգնան դրան Բաթումիի իշխանությունները թե ոչ՝ դեռ չի հաղորդվում:

Ընդդիմադիր Հանրապետական կուսակցության առաջնորդ Խաթունա Սամնիձեն, ով ծնունդով Բաթումիից է, պաշտոնական Թբիլիսիի գործողությունները որակել է որպես անպատասխանատու՝ կոչ անելով դադարեցնել թուրքական դպրոցի գործունեությունը:

«Մենք հասկանում ենք, որ Վրաստանում մեծ թվով Թուրքիայի քաղաքացիներ են ապրում, և նման դպրոցների անհրաժեշտություն իսկապես կա, սակայն դա անել՝ շրջանցելով կրթության նախարարությանը՝ ուղղակի անհավատալի է», - «Ազատության» «Էխո Կավկազա» ծառայությանն ասել է Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գրիգորի Սանիկիձեն:

XS
SM
MD
LG