Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն չի դադարեցնի մասնակցությունը Գյումրիի ՏԻՄ ընտրություններին


«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի դադարեցնի մասնակցությունը Գյումրիի ՏԻՄ ընտրություններին, ցուցակն էլ կշարունակի գլխավորել Վարդևան Գրիգորյանը, այսօր տեղեկացրեց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

«Ես գլուխ եմ խոնարհում Վարդևան Գրիգորյանի այս որոշման առաջ, որ առավոտյան ինքը փոխանցեց, որ թիմը ամբողջ կազմով պիտի պայքարի և, հանուն, նաև Արշակի հիշատակի, մենք պիտի պայքարենք մինչև վերջ և կառուցենք այն Գյումրին, որտեղ տեղ չի լինի կրիմինալի, որտեղ ընդամենը ընտրությունը չի վերածվի կյանքի և մահու պայքարի», - ասաց Զոհրաբյանը:

Ինչ վերաբերում է Վարդևան Գրիգորյանի որդու՝ 26- ամյա Արշակ Գրիգորյանի մահվան հանգամանքներին, Նաիրա Զոհրաբյանը տարակուսած էր, թե ինչպես տեղի ունեցածը անմիջապես որակվեց ինքնասպանություն, երբ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը չկար: ԲՀԿ ղեկավարը մի շարք հարցեր է ուղղում իրավապահներին:

«Ինչպե՞ս կարող էր Արշակը լավ տրամադրությամբ առավոտյան հարդարեր հոր մազերը, սուրճ խմեր, ծրագրեր շտաբի աշխատանքները, ժամը 3-ին հանդիպում նշանակեր, այդ ընթացքում մտներ տուն, մեքենա պատվիրեր, որ իրեն պետք է տաներ այդ հանդիպմանը և իրեն գտնեին ավտոտնակում, որը ի դեպ երկու մուտք ունի», - հարցնում է ԲՀԿ նախագահը:

Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք Վարդևան Գրիգորյանը տեղեկացրել է կուսակցության ղեկավարին քարոզարշավի ընթացքում առաջ եկած որևէ խնդրի կամ խոչընդոտի մասին:

«Բնականաբար քարոզարշավի ժամանակ միշտ էլ որոշակի խնդիրներ ծագում են, բայց Վարդևան Գրիգորյանը այն անձնավորությունն է՝ շատ համբերատար, շատ մեծահոգի, մոտեցում ուրեն, որ պետք չէ սրել, լարել իրավիճակը», - պատասխանեց Նաիրա Զոհրաբյանը:

Քննչական կոմիտեի այսօր տարածած տեղեկատվության համաձայն՝ որոշում է կայացվել Արշակ Գրիգորյանին տուժող ճանաչել: Կատարվել է դիակի զննություն, ըստ որի՝ դիակի աջ և ձախ քունքային շրջանում հայտնաբերվել են վերքեր, որոնցից աջ քունքային վնասվածքը, ըստ մասնագետների, մուտքային է, իսկ ձախ քունքային շրջանի վերքը` ելքային: Առգրավվել են տուժածի, ինչպես նաև՝ նրա դիակը հայտնաբերած հարազատի հագուստները, վերցվել են անհրաժեշտ փորձանմուշներ: Նախաքննություն շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG