Մատչելիության հղումներ

Աղավնաձորցիներին թույլ չտվեցին փակել միջպետական ճանապարհը


Մթերված խաղողի գումարը պահանջող աղավնաձորցիները որոշեցին այսօր կրկին փակել դեպի Իրան տանող միջպետական ճանապարհը։

«Յոթ տարի է էս վիճակն է, ամեն տարի բերքահավաքի վախտ կռիվ-ղալմաղալ ենք անում, որ մթերում անեն», - «Ազատության» հետ զրույցում բողոքեցին գյուղացիները՝ նշելով, որ մեկ տարի է մթերված խաղողի գումարին են սպասում։

Տեղեկանալով Աղավնաձորի բնակիչների` ճանապարհ փակելու մտադրության մասին, ոստիկանները ցուցարարներից ավելի շուտ տեղ հասան ու դեպի Իրան տանող միջպետական ճանապարհի մոտ վաղ առավոտից հերթապահություն սահմանեցին և թույլ չտվեցին գյուղացիներին փակել ճանապարհը։

Եղեգնաձորի ոստիկանության պետը գյուղացիներին հաղորդեց մի փոքր էլ սպասել՝ հայտնելով, որ հարցը քննարկվելու է կառավարության այսօրվա նիստում։

Նշենք, որ որպես բողոքի նշան, աղավնաձորցիները սեպտեմբերի 15-ից երեխաներին թույլ չեն տալիս մանկապարտեզ ու դպրոց գնալ։ Բնակիչները նաև գյուղապետարանն են փակել ու հայտնել, որ հոկտեմբերի 2-ին համայնքի ղեկավարի ընտրություններին չեն մասնակցելու։ «Ոչ մի ընտրություն, ոչ մի բանի չենք մասնակցի, ես պետությունից ոչ մի ակնկալիք չունենք», - հայտարարեցին ցուցարարները։

Համայնքի ղեկավարի միակ թեկնածուն՝ գործող գյուղապետ Հանրապետական Աշոտ Գալստյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ գյուղացիներին վաղուց է հորդորել՝ խաղողը գործարաններին չհանձնել ու սեփական ուժերով վերամշակել։ «Ես այդպես եմ անում ու գումարի խնդիր չունեմ», - ասաց գյուղապետը։ Գյուղացիները հակադարձեցին. - «Ինքն աշխատում է, իրա գրպանը փող ունի, բայց մնացածը չեն աշխատում»։

Լիդա Զաքարյանը տեղի գինու գործարանում է աշխատում։ Նրա խոսքով, գործարան են գնում այն ժամանակ, երբ պատվեր են ունենում։ Համագյուղացիների պես նրան էլ «Վեդի Ալկո» ընկերությունը 1 միլիոն դրամից ավելի գումար է պարտք։ Աղավնաձորի բնակչի խոսքով, գյուղացիները հողից օգուտ չեն ստանում։

«Բոլորը գնացել են պայմանագրային ծառայող, որը լքել է, գնացել է արտագնա աշխատանքի, որն էլ պայմանագրային ծառայող՝ մեծ-փոքր, հիվանդ-առողջ, ահել-ջահել։ Կարելի է չէ՞, մի քիչ խեղճ գյուղացուն լավ նայել, որպեսզի գյուղացին էլ իրա Հայաստանը չլքի գնա», - ասաց զրուցակիցը։

Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի առաջին հանձնարարականն այս խնդրին էր վերաբերում։ Վարչապետը գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանին հանձնարարեց խնդրին լուծում գտնել, երկու հնարավոր լուծում էլ ինքն առաջարկեց։

«Մենք քննարկում ենք տարբեր տարբերակներ՝ ինչպես այդ խնդիրը լուծել, այդ թվում՝ պետությունը ֆինանսավորում է և ամբողջ կառավարումը վերցնում է իր վրա։ Ես համոզված եմ, որ պետությունը լավագույն և էֆեկտիվ կառավարիչը չի, բայց այս պահին մենք որոշակի կերպով նոր մշակույթ պետք է ներգրավենք։ Քիչ առաջ Հայկ Դավթյանն ինձ զեկուցել է մեկ այլ տարբերակի մասին, խորհրդակցությունից հետո քննարկում ենք և ամենօրյա հսկողություն... Մենք մեր վերամշակվող ձեռնարկություններում ունենք բավականին, ինձ թվում է, ժանգոտած կառավարման համակարգ», - հայտարարեց վարչապետը։

Ոլորտի պատասխանատուներին վարչապետը հանձնարարեց գյուղատնտեսության զարգացման համալիր ծրագիր ներկայացնել։ «Մենք պետք է ստեղծենք այնպիսի համակարգ, որտեղ իրենք ձեր դեմքով տեսնում են իրենց օգնական, իրենց շահերի պաշտպանին, գյուղատնտեսության ոլորտի օմբուդսմենին», - հայտարարեց վարչապետը։

Աղավնաձորցիները կառավարության հայտարարությունից հետո երեկոյան նորից հավաքվեցին, որոշեցին մի փոքր էլ սպասել, տեղի դպրոցն ու մանկապարտեզն էլ բացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG