Մատչելիության հղումներ

Իշխանությունները մտադիր են գազի ու էլեկտրաէներգիայի սակագներն իջեցնել Հայաստանի սահմանին ռուսական գազի գնի հերթական նվազեցման միջոցով: Այսօր «Ազատության» հետ զրույցում նման տարբերակը հնարավոր համարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Անցած շաբաթ կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել էր Նազարյանի գլխավորած հանձնաժողովին, Էներգետիկայի և բնական պաշարների, ինչպես նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին առաջարկություններ ներկայացնել սոցիալապես անապահով խավերի համար գազի ու էլեկտրաէներգիայի սակագների վերանայման մասին:

Ռոբերտ Նազարյանին այսօր ասաց՝ վարչապետի հանձնարարականը քննարկումների փուլում է, սակայն ասաց՝ չի կարծում, որ դա կարվի ի հաշիվ «Գազպրոմ Արմենիայի» կամ ոլորտի որևէ տնտեսվարող սուբյեկտի․ - «Դա պետք է լինի ընդհանուր համակարգի վերլուծությունը, և բոլոր մեր ռեզերվները գնահատելը: ԵՎ դա չպետք է լինի նաև այլ սպառողների հաշվին, և մենք պետք է սպասենք այն հարմար պահը, երբ մենք կկարողանանք այդ հանձնարարությունը իրագործել»:

«Ազատության» հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս է դա հնարավոր, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը պատասխանեց․ - «Դուք չե՞ք բացառում տարբերակ, որ սահմանի վրա գազի գինը կնվազեցվի և այդ հնարավորությունը կօգտագործվի»:

Դիտարկմանը, թե՝ եթե հնարավոր է իջեցնել սակագները, ինչո՞ւ նախկինում չէր արվում, Նազարյանը արձագանքեց․ - «Ուզում եմ միանշանակ ասել՝ ոչ թե այն հնարավորության մասին է, որ մենք ունեցել ենք մինչ օրս, այլ այսուհետ՝ գազի գնի նվազումը սահմանի վրա, այդ ժամանակ կվերանայենք սակագները և այդ սոցիալական խումբը սպառողական կստեղծենք»:

XS
SM
MD
LG