Մատչելիության հղումներ

logo-print

Փորձագետ. Մոսկվան ցույց է տալիս Բաքվին, որ ոչ ոք չի պատրաստվում Ղարաբաղը հանձնել


Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված երեկ ռուսաստանյան «Վեստի»-ի հեռուստաընկերությունը շուրջ չորս րոպեանոց նյութ է ցուցադրել Հայաստանի մասին։

«Չնայած, որ «Իսկանդեր» գնելու ցանկություն են հայտնել նավթային մի շարք ոչ աղքատ երկրներ, Հայաստանը միակ երկիրն է ում Ռուսաստանը վաճառել է գերժամանակակից «Իսկանդեր» հրթիռային համակարգը», - ասվում էր ռեպորտաժում։

Վերջին տարիներին թերևս առաջին անգամ ռուսական պետական լրատվամիջոցը երկար ռեպորտաժ է ցուցադրում Հայաստանի մասին և մի քանի րոպե շարունակ խոսում հայ-ռուսական դարավոր բարեկամության մասին։

«Ազատության» հարցին թե արդյո՞ք ինչ-որ տարաձայնություններ են առաջացել Մոսկվայի և Բաքվի միջև, ռազմական հարցերով փորձագետ, ԱՊՀ ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Եվսեևը պատասխանեց. - «Ոչ թե նեղացել է, այլ ցույց է տվել այս զորահանդեսում, որ ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու փորձերը սխալ են։ Բացի այդ, Մոսկվան այսօր ցույց է տալիս Բաքվին, թե ով է Ռուսաստանի իրական դաշնակիցը Հարավային Կվկասում, և Մոսկվայի համար, իհարկե, աննկատ չի անցել այն փաստը, որ Ադրբեջանը որոշ ռազմական օբյեկտներ է հանձնել Թուրքիային Բաքվի ռազմական օդանավակայանում»։

Հայաստանյան հանրությանը մինչդեռ հետաքրքրում է, թե արդյո՞ք երեկ այդքան ոգևորություն առաջացրած «Իսկանդեր»-ը հայկական բանակի տրամադրության տակ է, թե՞՝ ոչ։

Վլադիմիր Եվսեևի խոսքով, ամենայն հավանականությամբ, այն հենց հայկական կողմին է պատկանում։ «Մենք ունենք Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի սպառազինության ցանկը և այնտեղ «Իսկանդեր» նշված չէ։ Կարելի է ենթադրել, որ այն հենց հայկական կողմին է պատկանում, և անհրաժեշտության դեպքում հայկական բանակը կարող է այն օգտագործել», - ասաց փորձագետը։

Ռուսաստանցի փորձագետի կարծիքով, «Իսկանդեր»-ը ավելի շատ զսպողական դեր է խաղում։

«Ռուսաստանը ժամանակին Ադրբեջանին Ս 3, Ս 4 հակահրթիռային համակարգեր էր վաճառել, սակայն նույնիսկ դրանց համար «Իսնակդեր»-ն անհասանելի է», - ասաց փորձագետը։

Մարտական հաջողության համար, մինչդեռ, ռազմական հարցերով փորձագետի խոսքով, ավելի կարևոր նշանակություն ունեն «Սոնցեպյոկ» և «Սմերչ» համակարգերը, որ Ռուսաստանն ավելի վաղ վաճառել էր Ադրբեջանին, իսկ վերջերս այդ հզոր զենքը ստացավ նաև Հայաստանը։

Եվսեևի փոխանցմամբ, սրանով չեզոքացվեց ադրբեջանական բանակի այն հսկա առավելությունը, որը ակնհայտ դարձավ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին։

Ռուսաստանցի փորձագետի խոսքով, թեև հայկական բանակն այսօր չունի ռազմական ավիացիա, փոխարենն ունի հզոր հակաօդային համակարգ, որը կարող է վնասազերծել ադրբեջանական ավիացիան, իսկ Ադրբեջանի անօդաչու թռչող սարքերին, ռուսաստանցի փորձագետի պնդմամբ, չեզոքացնում է երկու միլիոնանոց վարկի դիմաց Հայաստան հասած ռադիո-էկեկտրոնային համակարգը։

Ընդհանուր առմամբ, երեկվա զորահանդեսը, որտեղ հայկական զորքերի կողքին էին ռուսական զորքերի ստորաբաժանումները, ըստ փորձագետի, ցույց տվեց Բաքվին, որ ղարաբաղյան հակամարտության լուծման, այսպես կոչված, Լավրովի պլանի մասին տարածված կարծիքի հակառակ, ոչ ոք չի ցանկանում հանձնել Ղարաբաղը։

XS
SM
MD
LG