Մատչելիության հղումներ

Փորձագետ․ «Զինանոցը կա, մնում է վերականգնել ժողովրդի վստահությունը դեպի բանակը և պետությունը»


«Իսկանդեր M» հրթիռային համակարգերը Երևանի Հանրապետության հրապարակում զորահանդեսի ժամանակ, 21-ը սեպտեմբերի, 2016թ․

«Իսկանդեր M» հրթիռային համակարգերը Երևանի Հանրապետության հրապարակում զորահանդեսի ժամանակ, 21-ը սեպտեմբերի, 2016թ․

Հանրության թերահավատությունն այնքան մեծ է, որ իշխանությունների առջև նպատակ կար ապացուցել՝ Հայկական բանակը տիրապետում է հզոր զենքերի, այդ թվում՝ «Իսկանդեր M»-ի: «Ազատության» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց փորձագետ Մանվել Սարգսյանը՝ մեկնաբանելով Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ հզոր զինանոցի ցուցադրումը:

Ըստ նրա՝ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո այս հարցը շատ ցավոտ է․ իշխանություններին մեղադրում են սահմանում զենքի պակասի համար, հատկապես երբ հենց երկրի նախագահը իր հայտնի ելույթում խոսեց 80-ականների զենքով կռվելու մասին: Զինանոցը կա, մնում է հիմա վերականգնել ժողովրդի վստահությունը դեպի բանակը և պետությունը, ասում է փորձագետը:

«Քանի որ իշխանությունները ամեն կերպ փորձում էին ներկայացնել, որ, իհարկե, նորություն կլինի, նոր բաներ կցուցադրեն, ինչի համար՝ որովհետև մի քիչ սպասելիքներ կային», - նշեց Սարգսյանը՝ մանրամասնելով․ - «Ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանը հայտարարեց Գերմանիայում, որ մեր վիճակն էլ այնքան լավ չի, որովհետև 80-ական թվականների զենքերով ենք պատերազմում: Դա խորը նստվածք թողեց հանրության գիտակցության մեջ, մեծ աղմուկ բարձրացվեց, այդ հարուստներին մեղադրանքներ ներկայացվեցին, նախկին վարչապետին և ուրիշներին, որ «դուք այսպիսի ճոխ դղյակներում ապրում եք՝ մեր զինվորները այնտեղ զենք չունեն», և բնական է, որ պիտի իշխանությունները փորձեին հանգստացնել ժողովրդին: Գուցե ինչ-որ պայմանավորվածություններ ունեցել են նախնական, թե ինչ է եղել, բայց այսպես թե այնպես՝ ինչ-որ նոր զինատեսակներ ցույց տվեցին»:

Մինչև հիմա, ընդգծեց փորձագետը, թերահավատությունն այնքան մեծ էր, որ հանրությունը չի էլ ուզում դրան հավատալ, «որովհետև համարյա մի տարի անընդհատ խոսվում էր դրա մասին, որ 200 միլիոնի վարկով Ռուսաստանը պիտի զինատեսակներ տրամադրեր, և անընդհատ դա ձգձգվում, ձգձգվում, և արդեն տպավորություն է ստացվել, որ ընդհանրապես Ռուսաստանի հետ հարաբերությունները բարդացել են»: «Կարծում եմ՝ հենց դա էլ եղել է պատճառը, որ այդ զինատեսակները ցույց են տվել, հիմնականում հենց տեսակներն են ցույց տվել․ մենք տեսանք, որ ոչ թե, ասենք, շքերթ էր դասական ձևով, այլ ուղղակի ցուցադրեցին, որ այսպիսի զինատեսակներ կային, որոնք նոր են, մոդեռնիզացված են և այլն», - հավելեց նա:

«Պիտի լիներ ապրիլյան պատերազմը, որ հանկարծակի մարդիկ սկսեին խոսել՝ բա այս էն չի, որ այդքան խոսակցությունները, փաստորեն, դատարկ խոսակցություններ էին, ո՞նց է բանակը պատրաստ չէր, հազար ու մի հարցեր կային, չէ՞, ու հետո՝ այդ հայտարարությունը, բա՝ մենք հին զենքեր ունենք», - ասաց Մանվել Սարգսյանը:

«Տարիներ շարունակ անընդհատ բանակի խնդիրը, պաշտպանության խնդիրը չարչրկվում էր, օգտագործվում էր ներքին քաղաքականության մեջ, որ մենք պիտի լինենք ստաբիլ՝ մեր բանակի համար, մեր անվտանգության համար, մեր զինվորների համար, ա՛յ այդ առասպելը ջարդվեց: Դրա համար հիմա հանրային գիտակցության մեջ միայն ռացիոնալ երևույթներն են գնահատվում՝ կյանքը պիտի ցույց տա ու համոզի ժողովրդին փաստեր, որ իսկապես մարդիկ արդեն վերականգնեն իրենց հավատը անկախ պետականության և բանակի նկատմամբ», - շեշտեց փորձագետը:

XS
SM
MD
LG