Մատչելիության հղումներ

logo-print

Սերժ Սարգսյան․ «Քսանհինգամյա նոր Հայաստանի ամենամեծ ձեռքբերումը անկախության սերունդն է»


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, անկախության 25-րդ տարեդարձի առթիվ այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած «Անկախության սերունդ» խորագրով տոնական համերգին Անկախության տոնի առթիվ հանդես գալով շնորհավորական ուղերձով, հայտարարել է, որ քսանհինգամյա Հայաստանի ամենամեծ ձեռքբերումը համարում է անկախության սերունդը:

«Անցած քսանհինգ տարիների ընթացքում Հայաստանում մեծացել է նոր սերունդ, որի համար Հայաստանի քաղաքացի լինելը ոչ միայն ճակատագիր է, այլև պատիվ: Նոր սերունդ, որ բաց է աշխարհի առաջ և կրթված է ավելի լավ, քան նախորդ սերունդները: Նոր սերունդ, որ քաղաքականապես գրագետ է և դավանում է ամենաբարձր ու համամարդկային արժեքների: Սերունդ, որի համար ազատության և ժողովրդավարության սկզբունքները մտածողության և աշխարհընկալման հիմքում են: Սա նոր սերունդ է, որ չի հանդուրժում և չի հանդուրժելու բռնապետության կամ ամբողջատիրության ոչ մի տարատեսակ, չի հանդուրժելու իրավունքների և ազատությունների սահմանափակման որևէ քայլ», - ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, հայտարարել է Սերժ Սարգսյանն ու հավելել․ - «Վերջապես սա մի սերունդ է, որ պատրաստ է կռվել հայրենիքի պաշտպանության համար և կռվում է առյուծի նման»:

«Անկախության սերունդը մեր երկրում ունի բարձր չափանիշներ և բարձր պահանջներ: Ունի նաև դժգոհություն, իսկ այդ դժգոհությունն առաջընթացի կարևոր և պարտադիր բաղադրիչ է: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլիներ, եթե նրանք գոհ ու բավարարված լինեին: Նրանք դժգոհում են, բողոքում, քննադատում և պահանջում, որովհետև ուզում են ապրել ավելի լավ երկրում: Ուզում են ապրել ավելի ազատ, ավելի օրինական, ավելի բարեկեցիկ երկրում: Նրանք թույլ չեն տալիս ավագ սերնդի ներկայացուցիչներին կորցնել զգոնությունը՝ դրանով իսկ խթանելով բարեփոխումների տեմպերը», - նշել է նախագահը՝ հավելելով․ - «Ինչո՞ւ է ինձ համար սա ամենակարևորը: Պետությունը գործիք է, որ պիտի ծառայի մարդուն և ոչ հակառակը: Անկախության սերունդը ցանկանում է բարեփոխել այդ գործիքը: Նա ճիշտ ճանապարհի վրա է: Մենք գնում ենք ժողովրդավարական կայունություն կառուցելու շատ բարդ, բայց ամենահեռանկարային ճանապարհով: Այո, շատ դժվար է մի քանի տասնամյակում անցնել այն ուղին, որն ուրիշներն անցել են մի քանի հարյուրամյակում: Բայց նաև հնարավոր է, որովհետև ճանապարհն արդեն հայտնի է»:

Անդրադառնալով Հայաստանի առջև ծառացած խնդիրներին, Սերժ Սարգսյանը փաստել է․ - «Հայաստանի անկախության վերջին քսանհինգ տարիները ևս մեկ անգամ հաստատում են, որ մեր փոխարեն մեր առջև ծառացած խնդիրները ոչ ոք չի լուծելու: Մենք կարողանում ենք լուծել և լուծում ենք դրանք ըստ առաջնահերթությունների: Ողջ աշխարհում ունենք հրաշալի բարեկամներ, գործընկերներ և դաշնակիցներ: Շնորհակալ ենք նրանց համագործակցության համար, բայց չմոռանանք, որ պատասխանատվությունը մերն է, միայն ու միայն մերը: Անկախության սերունդն աստիճանաբար գալիս է ստանձնելու այդ պատմական պատասխանատվությունը: Նա օտարի աչքի փուշը տեսնելուց առաջ խոսում է մեր աչքի գերանի մասին: Սա ճիշտ ճանապարհ է, որովհետև մեր բոլոր խնդիրների լուծումները մեր մեջ են: Որքան հասուն լինենք որպես հասարակություն, այնքան ավելի արագ կլուծենք մեր հարցերը»:

Նախագահը հայտարարել է, որ այսօր մեր երկիրը «բարեփոխումների նոր՝ արագացված փուլ է մտել»:

«Դրանք սոսկ կադրային փոփոխություններ չեն, ինչպես ոմանք են կարծում: Դրանք համակարգային փոփոխություններ են, որոնց արդյունքում ունենալու ենք որակապես նոր պետություն: Ասվածը լոկ բարի ցանկություն չէ, այլ նախանշված հստակ քայլերի հաջորդականություն: Մենք գիտենք, թե ուր ենք գնում և ինչպես պետք է հասնենք այնտեղ: Եթե մի ամբողջ ազգ ուզում է նորոգել իր տունը, ապա նա դա կարող է անել: Մեզ ոչ ոք չի կարող խանգարել այդ ճանապարհին, իսկ նորացված Սահմանադրությունը կդառնա այդ ուղին լուսավորող վառ փարոս», - վստահեցրել է նախագահ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG