Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն դժգոհում է Եվրասիական միության գործունեությունից


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Պաշտոնական Մինսկը դժգոհ է Եվրասիական միության գործունեությունից: Այս մասին Ռուսաստան-Բելառուս միութենական պետության պետքարտուղար Գրիգորի Ռապոտայի հետ Մինսկում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Մենք այժմ մանրակրկիտ կերպով վերլուծում ենք նախևառաջ Եվրասիական տնտեսական միությանը մեր մասնակցությունը: Եթե այսպես շարունակվի, էլ ի՞նչ իմաստ ունի Եվրասիական միության այսպես կոչված կառավարությունում աշխատող ավելի քան հազար չինովնիկների գործունեությունը: Ո՞րն է դրա արդյունքը: Եվ ինչո՞ւ ես պետք է հոգամ աշխարհի ամենաթանկ քաղաքում` Մոսկվայում աշխատող մեր բարձրակարգ մասնագետների ծախսերը: Չէ որ մենք Եվրասիական միություն ենք գործուղել մեր լավագույն մասնագետներին: Մենք նրանց այստեղ աշխատանք կգտնենք», - ասել է Բելառուսի նախագահը` հավելելով․ - «Մոսկվայում կայացված որոշումներին մենք կհամաձայնենք, միևնույն է՝ դրանք գրեթե չկան: Որոնք էլ արդեն իսկ կայացվել են` խախտվում են»:

Լուկաշենկոյի խոսքով, ի դեպ, ինտեգրացիոն մեխանիզմների փաստացի անգործության ֆոնին Մոսկվան շարունակում է ճնշումներ գործադրել Բելառուսի դեմ:

«Մենք արդեն մի քանի ամիս է ինչ չենք կարողանում համաձայնության գալ գազի գնի շուրջ: Դրա հետ կապված՝ Ռուսաստանը նվազեցրել է Բելառուս մատակարարվող նավթի ծավալները: Մենք դա ընկալում ենք որպես ճնշում: Բայց ոչ ես, ոչ էլ բելառուսցիները նման ճնշումը հանդուրժել չենք կարող», - հայտարարել է Բելառուսի նախագահը:

Ռուսաստան-Բելառուս միութենական պետության պետքարտուղարի հետ հանդիպման ժամանակ Ալեքսանդր Լուկաշենկոն նաև բացատրել է, թե որն է իր նման անկեղծ հայտարարությունների պատճառը: Բելառուսի նախագահի խոսքով՝ ինքը հոգնել է Ռուսաստանի իշխանությունների գործողություններից:

XS
SM
MD
LG