Մատչելիության հղումներ

logo-print

Քաղաքապետի թեկնածուի որդու ինքնասպանության «շրջանառվող վարկածը անլրջություն է»


Գյումրիի տարածքային ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ցուցակը գլխավորող քաղաքապետի թեկնածու Վարդևան Գրիգորյանի կրտսեր որդու՝ 26-ամյա Արշակ Գրիգորյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում նախաքննական մարմինն ուսումնասիրում է Գրիգորյանների տան տարածքում տեղադրված տեսախցիկների ձայնագրությունները, «Ազատության»-ը տեղեկացրեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

«Վարույթ իրականացնող մարմինը մշակել է աշխատանքային վարկածներ, որովհետև նախնական տվյալներ ստացվել են, որ երիտասարդի մոտ վերջին օրերին նկատվել էր որոշակի տրամադրության անկում։ Պատճառները, շարժառիթները՝ ինչով էր դա պայմանավորված, այս ուղղությամբ քննություն է իրականացվում։ Նրա գործունեության բոլոր ոլորտի հետ կապված մշակվել են աշխատանքային վարկածներ և ստուգվում են դրանք», - ասաց Տռուզյանը։

Ըստ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդականի, դեպքին հաջորդող որոշ գործողությունների ժամանակագրությունը ևս պարզվել է: «Քննությամբ պարզվել է, որ առաջինն ազգականն է տեսել՝ հորաքրոջ որդին, Արշակին ինքնասպանություն գործած վիճակում և անմիջապես դուրս հանել նրա մարմինը բակ, և շտապել են տեղափոխել բժշկական կենտրոն։ Ընտանիքի անդամների հետ կատարվել է անհրաժեշտ առաջին քննչական գործողությունները, այն ծավալով, որքանով, որ նրանց հոգեկան վիճակը թույլ էր տալիս իրականացնել», - ասաց Տռուզյան։

Գրիգորյանների որդու հետ տեղի ունեցածը գյումրեցիները կապում են օրեր առաջ քաղաքում հայտնված ու արդեն բավականին աղմուկ հանած «զառեր»-ով պաստառի հետ, որը տեղադրել էր «Գյումրեցու ոգի» նորաստեղծ կուսակցությունը:

Հարցին, թե ի՞նչ էր նշանակում «զառ»-ը կամ դրա վրայի գրությունը՝ «Հաջողության բանաձև», և արդյո՞ք այն որևէ ակնարկ էր պարունակում՝ ուղղված ԲՀԿ քաղաքապետի թեկնածուին, կուսակցության ղեկավար Սահակ Սահրադյանը պատասխանեց. - «Մեզ համար վիշտը սրբություն է, դրա համար չենք ուզում անդրադառնալ քաղաքական բովանդակությամբ որևէ գործիքի, որևէ պաստառի, բուկլետի, ընդամենն ուզում եմ ասել, որ էդ շրջանառվող վարկածը, հենց սկզբից, անլրջություն է, չէր կարող պաստառի պատճառով նման ողբերգական բան տեղի ունենալ, որովհետև քաղաքական մրցապայքարը հենց ենթադրում է քաղաքական գործիքների կիրառում»։

Ճշտող հարցին, թե ինչո՞ւ միջադեպից մեկ ժամ չանցած պաստառը հեռացվեց, Սահրադյանը պատասխանեց. - «Որովհետև քաղաքական բնույթի ցանկացած քայլ կարող էր ինչ-որ տեղ խոցել որոշ մարդկանց, իսկ մենք վշտի մեջ գտնվող մարդկանց հետ քաղաքական մրցակցություն չունենք ու չենք ունենալու, սա մեր հիմնական սկզբունքն է»։

«Գյումրեցու ոգի» կուսակցությունը ՏԻՄ ընտրությունների նախաշեմին բացված քաղաքական ուժ է: Այս կուսակցության ստեղծումը կապում են Գյումրիի գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ, թեև ինքը՝ կուսակցության ղեկավարը դա հերքում է, բայց հաստատում, որ մտերիմ է Բալասանյանի որդու՝ Միսակ Բալասանյանի հետ:

Սահակ Սահրադյանը հերքեց նաև տեղեկությունը, թե արյունալի միջադեպից առաջ պաստառի հետ կապված վիճաբանություն է տեղի ունեցել: «Պաշտոնապես հայտարարում եմ՝ այդ ցուցապաստառի հետ կապված որևէ մարդ ինձ ո՛չ զանգել է, ո՛չ հանդիպել է, ո՛չ որևէ հարց քննարկվել է, ո՛չ, ձեր ասած, ռազբոռկան է եղել, ո՛չ էլ կարող էր լինել, որովհետև ես ռազբոռկա անող չեմ ընդհանրապես», - ասաց կուսակցության ղեկավարը։

Երեկվանից Գյումրիի ՏԻՄ ընտրություններին մասնակցող բոլոր՝ 11 քաղաքական ուժերը դադարեցրել են նախընտրական քարոզարշավը:

ԲՀԿ-ի ցուցակը կշարունակի՞ գլխավորել Վարդևան Գրիգորյանը թե՞՝ ոչ, ԲՀԿ-ից չհաջողվեց ճշտել, համենայն դեպս, արյունալի միջադեպը, ըստ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի, իր ազդեցությունը չի կարող չթողնել ՏԻՄ ընտրությունների գործընթացի վրա։ «Որոշակի ազդեցություն ունեցել է։ Եթե քարոզարշավները դադարեցվում են, դա արդեն արդյունքների վրա որոշակի ազդեցություն կունենա, իսկ թե ինչպիսի ազդեցություն, ճիշտն ասած, դժվար է գնահատել», - ասաց Փաշինյանը։

XS
SM
MD
LG