Մատչելիության հղումներ

Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսին Ռուսաստանի և մի քանի այլ երկրների դրոշների ներկայությունից դժգոհ մի խումբ քաղաքացիներ այսօր Ազատության հրապարակից «Եռագույնների անկախության երթ» անցկացրին։

Վերջերս կալանքից ազատ արձակված ակտիվիստ Դավիթ Սանասարյանն Ազատության հրապարակում ելույթ ունեցավ՝ պնդելով, որ Հայաստանը դեռ լիովին անկախ չէ։

«Անկախության ներկա վիճակը պետք է փոխենք, սա լիարժեք անկախություն չի, սա կիսաանկախություն է։ Պետք է հասնենք նրան, որ Հայաստանում չլինեն ռուսական կամ այլ սապոգներ։ Հայաստանում պետք է ծառայեն բացառապես Հայաստանի Հանրապետության զինվորները։ Հայաստանի հրապարակում, ինչպես այսօր է, չպետք է ծածանվեն ռուսական, այլ երկրի դրոշներ։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը չպետք է ռուսերեն խոսի անկախության օրը, ինչպես արեց այսօր», - հայտարարեց Սանասարյանը։

Հավաքին մասնակցում էր նաև «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանը։ Նրա պնդմամբ, հեգնական է, երբ ինքնիշխանությունը մաս-մաս զիջողներն անկախության շքերթ են անցկացնում։

«Երեքուկես ամիս անց ապրիլյան պատերազմի իրադարձություններից, որտեղ մեր պաշտպանվածության ոլորտում նույնիսկ մերկությունը բոլորի աչքի առաջ երևաց, և այսօր այս զորահանդեսով դու ոչ մի բան չես ապացուցի, եթե մի բան պետք է ապացուցես, պետք է ապացուցեիր պատերազմի խրամատներում», - ասաց Ենիգոմշյանը։

Հավաքի մասնակիցները Ազատության հրապարակից «Մենք Սասնա ծուռ ենք» վանկարկելով երթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ շուրջ մեկ ժամ առաջ ավարտվել էր անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսը։

Երթի մասնակիցները հասան նաև Հայաստանում Ռուսաստանի դաշնության դեսպանատուն։ «Էս դեսպանատան առաջ խոսք ենք տալիս, որ վաղը, մյուս օրը նրանք այստեղ գոյություն կունենան, եթե հարգեն մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր ազատությունը», - հայտարարեց Սանասարյանը։

Դեսպանատնից երթն ուղևորվեց դեպի «Եռաբլուր» պանթեոն, որտեղ ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ընթերցեց «Հայկական պետականության վերականգնման հռչակագրի» նախագիծ՝ պնդելով, որ անկախության 25-ամյակին պետք է իրական գնահատական տալ նախկինում տեղի ունեցածին։

«Հայկական շուրջ 25-ամյա նորագույն պետականության պատմությունը լի է անարդարությունների, բռնությունների, մարդու իրավունքների ոտնահարումների և հակոտնյա այլ երևույթների բազմաթիվ վկայություններով, որոնք վերահաստատում են Հայաստանում անսահմանափակ բռնակալության կայացման տխուր փաստը։ 25 տարի, փաստորեն, մենք չունեցանք ո՛չ անկախ պետականություն, ո՛չ ազգային շահը սպասարկող կառավարություն և չունեցանք նաև ժողովրդավար համակարգեր», - հայտարարեց Փոստանջյանը։

Բացի անկախության շրջանի բացթողումներն ամփոփելը՝ Փոստանջյանի հրապարակած հռչակագրի նախագծում նշվում էին նաև բազմաթիվ դրույթներ՝ անհրաժեշտ փոփոխությունների մասին՝ սկսած նոր քաղաքական համակարգի ձևավորումից, մինչև Հայաստանի պատմական տարածքների վերադարձ:

«Հիմնական հարցերը՝ ինչպիսին պետք է լինի հայոց պետականությունը, ես փորձել եմ շեշտել այդտեղ։ Առնվազն 42 հազար քառակուսի կիլոմետր այս պահին երկու՝ Արցախի և Հայաստանի Հանրապետությունների տարածքի վրա պետք է այդ հիմքը դրվի մեր պետականության։ Իմ կուսակցությունը, կարծում եմ, որ կրում է այս գաղափարը, բայց պետք է ընդլայնվենք, այս գաղափարի ներքո պետք է գործունեություն ծավալեն այդ քաղաքական միավորները, որովհետև միայն «Ժառանգության» միջոցով, իհարկե, սա հնարավոր չէ, պետք է սա լինի հարթակ՝ բոլորին միավորելու համար», - ասաց Փոստանջյանը։

Հինգ տարի առաջ՝ մինչև անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսի մեկնարկը, ոստիկանությունը բերման էր ենթարկել շքերթին ռուսական զինված ուժերի մասնակցության դեմ բողոքող քաղաքացիներին։ Այսօր, այդուհանդերձ, ոստիկանները որևէ ակտիվ գործողության չդիմեցին՝ ցուցարարների դիմաց պատ կազմվեց միայն ռուսական դեսպանատան մոտ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG