Մատչելիության հղումներ

logo-print

Իշխանական վերնախավը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Հայաստանի անկախության 25-ամյակի միջոցառումները սկսեց Եռաբլուրից՝ ոգեկոչման արարողությամբ:

Սերժ Սարգսյանը լրագրողներին միայն շնորհավորեց՝ անպատասխան թողնելով հարցերը:

Վարչապետ. Նոր նախարարներն իմ թիմից են

Եռաբլուր զինվորական պանթեոնում էին Գարեգին Բ և Արամ Առաջին կաթողիկոսները, Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Վերջինս չթաքցրեց՝ նոր նախարարներն իր թիմակիցներն ե ն․ - «Հովիկ Աբրահամյանի կադրերից ազատվելու խնդիր չկա: Կադրերը եթե փոխում ենք՝ ռեալ փոխում ենք, որպեսզի ինչ-որ խնդիր լուծենք»:

Ի պատասխան «Ազատության» հարցին՝ նորանշանակ նախարարներն իր թիմակիցնե՞րն են, Կարապետյանը պատասխանեց՝ այո:

Հովիկ Աբրահամյանի օրոք ստեղծված հակակոռուպցիոն խորհուրդը չի լուծարվի, նոր վարչապետը նաև դրա միջոցով է իր պայքարը տանելու:

Վարչապետն անհանգստացած է Էջմիածնի ու Գյումրու դեպքերով, ասաց՝ շատ անհանդուրժող է վերաբերվում:

Կարապետյանը անդրադարձավ նաև գազի և էլեկտրաէներգիայի հնարավոր էժանացմանը, ինչի մասին խոսել էր առաջին անգամ վարելով Կառավարության նիստը․ - «Մենք առաջարկել ենք փոխել սակագնի մեթոդաբանությունը, տարանջատել սոցիալապես անապահովին ոչ անապահովից: Նաև կարող ենք որոշակի բիզնեսի ոլորտների համար, մասնավորապես՝ ջերմոցներ, վերամշակող ձեռնարկություններ, ստեղծել բարենպաստ պայմաններ»:

Գալուստ Սահակյան. Համաներման հարց օրակարգում չկա

Համաներման մասին շրջանառվող տեղեկությունները չեն հաստատվում․ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում փոխանցեց՝ խորհրդարան նախագիծ չի բերվել․ - «Այս պահին նման քննարկման ես չեմ մասնակցել»։

«Ազատության» հարցին՝ տեսնո՞ւմ է անհրաժեշտություն ազատ արձակելու, օրինակ, Շանթ Հարությունյանին, Վոլոդիա Ավետիսյանին, Սահակյանը պատասխանեց․ - «Ես բոլորին էլ տեսնում եմ, որ ինչ-որ ժամանակ պիտի ազատվեն»:

Դիտարկմանը, թե՝ ընդդիմախոսները քննադատում են այն հանգամանքը, որ անկախության համար պայքար մղած մարտիկները 25-րդ տարեդարձը բանտերում են դիմավորում, ԱԺ նախագահն ասաց․ - «Դե՝ ընդդիմախոսներ են, մի բան պիտի ասեն: Նրանք էլ են քաղաքականության մեջ: Հենց դրա համար են ընդդիմախոսներ, որ մեզ միշտ քննադատեն, բայց որքան է ճիշտ, որքան է ամեն ինչը ճշտությամբ ներկայացնում, դա կամ հիմա, կամ ժամանակը ինքը կպարզի»:

XS
SM
MD
LG