Մատչելիության հղումներ

logo-print

Մեծամորի քաղաքապետի անկուսակցական թեկնածուն վերահաշվարկի պահանջով բողոք է ներկայացրել


Մեծամորի քաղաքապետի թեկնածու, անկուսակցական, նախկին զինվորական Ավետիք Հարությունյանը վերահաշվարկի պահանջով բողոք է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

«Գտնում ենք, որ ընտրախախտումներ են եղել, ուղղակի մեխանիզմն ենք ուզում հասկանալ, որ հաջորդ բողոքարկման համար հող նախապատրաստենք», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հարությունյանը: - «Գտանք, որ որոշակի հարցերի պատասխաններ պիտի ստանայինք, որովհետև չի կարող պատահել այնպես, որ բոլոր հինգ տեղամասերում առաջին 80-70 տոկոս հաշվարկից հետո հաղթում ես, հանկարծ վերջին 20 տոկոսին պարտված դուրս ես գալիս ձայների չնչին տարբերությամբ, անգամ հավասար», - հավելեց նա:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով, անցած կիրակի Մեծամորում տեղի ունեցած քվեարկության արդյունքներով գործող քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը ստացել է 2080 քվե, ինչը 212-ով ավելի է անկուսակցական թեկնածու Հարությունյանի ստացած ձայներից։

Անկուսակցական թեկնածուն ներկայացնում է իր արձանագրած խախտումները․ - «Մեկը մյուսի փոխարեն քվեարկություն, քաղաքում չգրանցված անձը կնոջ փոխարեն փորձել էր քվեարկել, հանձնաժողովի անդամը փորձել էր ազգանուններ լրացնել ընտրացուցակներում: Դրանք բոլորը արձանագրված են, հատուկ կարծիքներ ունենք գրանցված, հանձնվածա տեղամաս, բողոքարկվածա»:

Անկուսակցական թեկնածուի բողոքով այսօր մի քանի ժամ շարունակ վերահաշվարկ կատարվեց։ 5 տեղամասերից բացվեցվին 3-ը։ Թվարկելով ընտրախախտումները, Հարությունյանը դեռևս փակագծերը չի բացում՝ բայց և չի բացառում, որ կարող է դիմումներ ներկայացնել անվավեր ճանաչելու քվեարկությունը, ինչպես նաև վերահաշվարկից հետո դիմել իրավապահներին՝ արձանագրած խախտումները հետաքննելու համար։ Երկար տարիներ զինված ուժերում ծառայած գնդապետ Հարությունյանն ասում է՝ եթե անցած տարիներին քաղաքը լավ կառավարվեր, ինքը գուցեև չառաջադրեր թեկնածությունը։ Նրա մրցակից, իշխանության ներկայացուցիչ, Մեծամորի գործող քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը, մինչդեռ, պնդում է՝ քվեարկությունն անցել է առանց ընտրախախտումների։

«Կարծում եմ, որ ոչ մի խախտում չէր կարող լինել, որովհետև ընտրությունները անցել են արդար, նորմալ», - պնդեց Գրիգորյանը:

Երրորդ անգամ քաղաքապետի պաշտոնին հավակնող Գրիգորյանն ասում է, որ անցած տարիներին փորձել է լուծել համայնքի խնդիրները՝ մինչդեռ կան չլուծված շատ հարցեր, որոնց լուծման համար ֆինանսներ չկան։

«Այնպես չէ, որ մենք չենք դիմել, բայց հասկանալով, որ մեր երկիրը նաև պատերազմական դրության մեջ է և ունենք արտաքին թշնամիներ, հասկանում ենք, որ մեր զինվորի ապահովությունը մեր գերագույն խնդիրն է», - ասում է նա:

XS
SM
MD
LG