Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանները «ձևական» են որակում իրավապահների արձագանքը Էջմիածնի միջադեպին


Իրավապաշտպան Արթուր Սաքունց, արխիվ
Իրավապաշտպան Արթուր Սաքունց, արխիվ

Էջմիածնի քաղաքապետի ընտրությունների նախօրեին, նախնական տվյալներով, վերընտրված քաղաքապետ Կարեն Գրիգորյանի՝ գեներալ Մանվել Գրիգորյանի որդու ու պարտված թեկնածու Արթուր Թումանյանի մասնակցությամբ տեղի ունեցած արյունալի միջադեպից շուրջ 3 օր անց, դեռ մեկ մարդ է ձերբակալվել, կալանքի որոշում դեռ չկա:

Էջմիածնում տարածված լուրը, թե ձերբակալվածը վերընտրված քաղաքապետ Կարեն Գրիգորյանի վարորդն է, Քննչական կոմիտեից չհերքեցին:

Իրավապաշտպաններն, ուսումնասիրելով կրակոցներով ուղեկցված այդ միջադեպի մանրամասները, պնդում են՝ իրավապահները գործել են ձևական:

Արթուր Սաքունցն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ իրավապահների կողմից փաստի հիմքով քրեական գործի հարուցումն ընդամենը դեպքի սովորական արձագանքն է:

«Իրավապահ մարմինների գործողությունները համարում եմ ձևական։ Անկախ նույնիսկ թեկնածուներից մեկի կողմից դիմումի ներկայացման, օբյեկտիվորեն իրավիճակը թելադրում էր, որ իրավապահ մարմինները ահազանգեին ընտրական հանձնաժողովին, որ իրապես ստեղծված է այնպիսի մթնոլորտ, որ պետք է կասեցվեին, կանգնեցվեին նախընտրական գործընթացը, և քվեարկությունը չպետք է տեղի ունենա, քանի դեռ չեն վերականգնվել քաղաքացիների կամքի ազատ արտահայտման լիարժեք հնարավորություններ», - ասաց Սաքունցը։

Քննչական կոմիտեն դեպքի օրը քրեական գործ է հարուցել՝ սպանության փորձի և ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու, օգտագործելու հատկանիշներով:

Կոմիտեից փոխանցեցին, որ այս պահին էլ ակտիվ քննչական գործողություններ են ընթանում:

Գլխավոր դատախազությունն էլ քրեական գործ է հարուցել ավագանու անդամի թեկնածու՝ Կիրակոս Բաժակյանի առևանգման դեպքի առթիվ, այս գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ:

Քիչ առաջ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն տարածեց, որ ավագանու թեկնածուի առևանգման գործով մեղադրանք է առաջադրվել Էջմիածին քաղաքի բնակիչներից մեկին: Քննիչը մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան:

Սրանք դեռ բավարար չեն, արդարությունը վերականգնելու համար, ասաց Սաքունցը։ «Երբ որ ունենք օբյեկտիվ տվյալներ, սրանց մասին նաև հաղորդում են տվել միջադեպին առնչություն ունեցող կամ դրա վերաբերյալ իրազեկ մարդիկ, և 25-ից միայն մեկ հոգի է ձերբակալվում, կներեք, իհարկե դա ձևական է։ Այսինքն, այստեղ միջոցների արդյունավետության մասին է խոսքը», - ասաց իրավապաշտպանը։

Ընտրություններից մեկ օր առաջ ծեծի ենթարկված քաղաքապետի պարտված թեկնածու Արթուր Թումանյանը պնդում է՝ իրեն ու իր թիմակիցներից Ստեփան Աբգարյանին ծեծի ենթարկողը, ավագանու անդամի թեկնածու Կիրկոս Բաժակյանին առևանգողը Կարեն Գրիգորյանը, նրա եղբայրն ու իրենց թիմակիցներն են եղել։

Վերընտրված քաղաքապետը, հերքելով իր հասցեին ուղղված մեղադրանքներն, «Ազատության» հետ զրույցում պնդել էր՝ այդ պարտված թեկնածուն ու իր խումբն են հարձակվել իրենց վրա։

Քաղաքապետի պարտված թեկնածու Արթուր Թումանյանի կինը՝ Գոհար Գալստյանը պահանջում է Գրիգորյանից ապացույցներ ներկայացնել «Ազատության» եթերում արված նրա հայտարարությունների վերաբերյալ՝ այն, որ իր ամուսինը քառօրյա պատերազմի ընթացքում փախել է երկրից, որ միջադեպի օրը հարբած է եղել, և որ ջրմուղը թալանել է:

«Ազատության» հարցին, թե ինչու՞ է պնդում, որ իր վրա հարձակվողները Արթուր Թումանյանն ու իր թիմակիցներն են, վերընտրված քաղաքապետն ընդգծել էր. - «Երևի որովհետև չեմ թողնում, որ իրենք թալանեն, վախտին թալանածը չեմ հանել դրել, որ իրենէ դատվեն»։

Ջրմուղի թալանի մասին գեներալ Մանվել Գրիգորյանի որդու՝ Կարեն Գրիգորյանի այս հայտարարությունն, ըստ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի, խոսում է այն մասին, որ Գրիգորյանը քրեորեն պատժելի արարք է թաքցրել, որը, ըստ իրավապաշտպանի, նույնպես հանցագործություն է։

«Այնքան անտեսված է իրավապահ մարմինը, որ ինքն ասում է՝ նա թալանում էր, բայց ես չէի կանգնացնում, ես մեծահոգի եմ եղել»։ Այսինքն չկա էդ գիտակցությունը, որ ստեղ պետք է իրավապահ մարմինն աշխատի», - ասաց Ալեքսանյանը։

Արթուր Թումանյանի կինը պնդում է՝ դեպքի օրվանից մինչև ընտրությունների օրը Թումանյանի նախընտրական շտաբը փակ է եղել, գլխավոր թեկնածուն՝ հիվանդանոցում, երկու ակտիվ թիմակիցներից մեկը առևանգված, մյուսն էլ ծեծված է եղել, ասաց, որ ընտրությունները տեղի են ունեցել անհավասար պայմաններում։

Կարեն Գրիգորյանն էլ «Ազատության» հետ զրույցում պնդեց, որ տեղի ունեցածը սադրանք է իր նկատմամբ։ «Նախաքննությունը կպարզի, եթե եղել է, կպատժվենք բոլորս՝ ով, ինչ մեղավորություն ունի՝ օրենքի խստությամբ։ Ես այդքան բան կարող եմ ասել», - ասաց Գրիգորյանը։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը վստահ է՝ Կարեն Գրիգորյանն անպատժելի է, որովհետև Էջմիածնում մեծ ազդեցություն ունեցող գեներալ Մանվել Գրիգորյանի որդին է: «Ինչքան որ ընտրություն կա Հայաստանի անկախության շրջանում գլխավորել է Մանել Գրիգորյանը՝ այսպիսի վախի մթնոլորտ ստեղծելով, բռնություններ գործադրելով, անպատիժ լինելով։ Ես կարծում եմ, որ տուժող կողմը կպատժվի և կպատժվի նրանց ըմբոստությունը», - ասաց Ալեքսանյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG