Մատչելիության հղումներ

Էրդողանը կրկին ԱՄՆ-ին կոչ է անում արտահանձնել Գյուլենին


Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հերթական անգամ Միացյալ Նահանգներին կոչ է արտահանձնել իսլամական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին, ում թուրքական իշխանությունները մեղադրում են հուլիսյան հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորք մեկնած Էրդողանը Reuters լրատվական գործակալության հետ խոսել է վերջին ամիսներին թուրք-ամերիկյան հարաբերություններում առանցքային դարձած խնդրի` ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում բնակվող վտարանդի գործչի արտահանձնման մասին:

Թուրքիայի նախագահը ընդգծել է, որ ամերիկյան իշխանություններից բազմիցս պահանջել են արտաքսել կամ արտահանձնել Գյուլենին, սակայն նա շարունակում է ապաստանել ԱՄՆ-ում և ղեկավարել իր «ահաբեկչական կառույցը»: Այս հանգամանքը, ըստ Էրդողանի, տարակուսանք է առաջացնում Թուրքիայի քաղաքացիների շրջանում, որոնք չեն հասկանում, թե ինչու է ռազմավարական դաշնակից ԱՄՆ-ը շարունակում ապաստան տրամադրել Գյուլենի նման ահաբեկչին:

Թայիփ Էրդողանը նշել է, որ Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարած կառույցը շուրջ 40 տարվա ընթացքում թափանցել է երկրի զինված ուժերի մեջ, իր անդամներին ներդրել արդարադատության, ոստիկանական համակարգերում, բոլոր նախարարություններում: Նա ընդգծել է, որ թուրքական իշխանությունները անհրաժեշտ քայլեր են ձեռնարկում այդ կառույցի դեմ պայքարի ուղղությամբ և այդ հարցում ակնկալում են ՆԱՏՕ-ում իրենց դաշնակից ԱՄՆ-ի աջակցությունը:

«Եթե ԱՄՆ-ը մեր ռազմավարական դաշնակիցն է և ՆԱՏՕ-ի գործընկերը, ապա նա չպետք է թույլ տա Գյուլենի նման ահաբեկչին ղեկավարել իր կառույցը», - հայտարարել է Էրդողանը` ցավով փաստելով, որ ամերիկյան իշխանությունները, ելնելով երկկողմ համաձայնագրերից, մինչ օրս նույնիսկ չեն կալանավորել Ֆեթուլլահ Գյուլենին:

Թուրքիայի նախագահը հայտնել է, որ անհրաժեշտության դեպքում երկրում կարող է երկարաձգվել հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո հայտարարված եռամսյա արտակարգ դրության ժամկետը պետական կառույցները գյուլենականներից մաքրելու նպատակով:

Հիշեցնենք՝ հեղաշրջման փորձի ձախողումից հետո իրականացված գործողությունների հետևանքով Թուրքիայում ավելի քան հարյուր հազար զինվորական, ոստիկան և քաղծառայող հեռացվել է աշխատանքից, տասնյակ հազարավոր մարդիկ ձերբակալվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG